Թավ անտառում,
Իր խոր այրում
Հիվանդացավ մի եղջերու:
Եղջերուներ՝ էգ թե արու,
Խիստ կարեկից
Դուռ ու դրկից,
Հորքուր, մորքուր
Հեզահամբույր,
Գորովագութ,
Սկսեցին մի ելումուտ.
Եկան հանդես,
Հիվանդատես,
Եվ խնամիչ,
Եվ սփոփիչ:
Հետևանքը՝ հիմա տես ինչ.
Գալ - գնալով այնքան բերան՝
Խեղճի պաշարն այնպես կերան,
Որ նախ այրը մնաց դատարկ,
Հենց թափ տված մի ալրապարկ:
Հետո որտեղ ոտ կոխեցին,
Չոր կրծեցին
Անցած ճամփին՝ կանաչ, թուփ, ծառ,
Մինչև վերջին փուշն և մացառ:
Երբ ամեն ինչ չոր - չորացավ,
Շրջապատում վերջ - վերջացավ,
Խեղճ եղջերվին,
Լավի լավին,
Էն անմեղին,
Մեջքը հողին,
Դունչը կողին,
Սոված թողին:
Իրենք փախան, փախան անհետ,
Անվերադարձ, էլ չեկան ետ:
Կես ամիսն էլ չլրացավ,
Ցավի վրա եկավ նոր ցավ:
Երբ չմնաց ուտելու բան,
Փրկիչ սովը չոքեց դռան:
Ու ձայն տվավ, - Այ, ջա՜ն - ջանի՛կ,
Զահել - ջիվան ի՛մ ջեյրանիկ,
Գետնին գերի,
Վե՜ր կաց, արի,
Ու թաքնվիր,
Ա՜յ գալիս են հոքիր... մոքիր...
Խեղճ եղջերուն,
Երբ չլսեց անուն - անուն,
Որ չտեսնի երես - երես
Էլ նրանց պես
Հոքիր, մոքիր հիվանդատես,
Հոքիր, մոքիր՝ աչերը խուփ,
Սիրով փարվեց սովին ընդհուպ:
Հետաքրքիր է նաև․․․
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ Հայ Մեծերից
- 24.07.2025
Աղվեսը, Հովհաննես Թումանյան
- 28.09.2024
Փիսոն, Հովհաննես Թումանյան
- 25.09.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025