Յաղլու սարի կատարին
Ձյուն է նստած ողջ տարին։
Ձյունը հալվում է կամաց,
Կաթիլ-կաթիլ իջնում ցած։
Ու ձորերի փեշերով՝
Հազար առվակ երգելով
Շտապում են դեպի վար,
Դառնում գետակ մի վարար,
Այնքան անուշ ու մաքուր,
Որ կոչվում է Մեղրաջուր։
Ոլոր-մոլոր օձի պես
Մեղրաջուրը փրփրադեզ
Դուրս է գալիս լայն հովիտ,
Փռում ջուրը իր վճիտ,
Ջուր է տալիս գյուղերին,
Այգուն, արտին, ցանքերին,
Ապա անցնում նավով ցած,
Պտտեցնում ջրաղաց։
Իսկ ճամբարից մոտակա
Խմբով եկել են ահա
Պիոներներն ու ծառի տակ
Կարթերն առած, նստոտած
Ձուկ են որսում գետակից։
Մի ուրիշ խումբ լող տալիս,
Ապա ելնում, վազվզում
Ափի մանրիկ ավազում։
Հետո անցնում է հովտից
Մեղրաջուրը փրփրալից,
Իջնում ձորը խոր ու նեղ,
Իջնում թափով ու այնտեղ
Ուժ է տալիս ահագին
Ձորի հիդրոկայանին։
Հետո ելնում է հպարտ,
Փռվում, հոսում լուռ, հանդարտ
Այստեղ՝ դաշտում, նրա հետ
Խառնվում են երեք գետ։
Մեղրաջուրը սրընթաց
Էլ գետակ չէ փրփրած,
Հսկա գետ է մի անտակ,
Ջուրը պղտոր, ընդարձակ,
Վրան կամուրջ ահագին,
Ամուր ճամփա գնացքին։
Մեծ ու փոքր նավակներ
Սլանում են վար ու վեր։
Դաշտի եզրին՝ ծովի մոտ,
Նա դառնում է մտածկո՜տ,
Որ հեռանում է հավետ
Իր ափերից բուրավետ։
Մեր գետը - Հայրապետ Հայրապետյան
- Գրականություն
- 16.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել