• 03 դեկտեմբեր, 2024
     Աղքատն ու բեռը - Աթաբեկ Խնկոյան

    Աղքատն ու բեռը - Աթաբեկ Խնկոյան

    Է՜, աշխարհ է...
    Անհնար է,
    Պատահում է և՜ լավ, և՜ վատ:
    Մի խեղճ աղքատ
    Ամռան մի օր, գյուղ ետ գալիս,
    Ծարավ - ծկակ՝ ջուր խմելիս՝
    Ճանապարհին տկարացավ,
    Խոսքը մեր մեջ, խիստ փորացավ.
    Նա քաղաքում շտապ, հապճեպ,
    Շատ էր կրծել ձմերուկի
    Եվ վարունգի, սեխի կճեպ:
    Ձենը երկիր, երկինք գցած՝
    Զիլ կանչում էր լալով. - Աստվա՜ծ,
    Էսպես զուլում...
    Ինձ մահ մի տուր ձորում, չոլում:
    Փութա՜, գթա՜, ողորմացի՜ր,
    Շուտ ուղարկի կամ էշ, կամ ձի,
    Որ մի կերպով ինձ տուն գցի:
    Խոսք լսելու աստված պատրաստ...
    Եկավ մի մարդ նստած գրաստ,
    Ոչ խրխնջան, այլ մի զռան,
    Քուռակն իր հետ՝ խիստ թռվռան:
    Փայտով բոթեց, քաշեց թևից,
    Թե՝ մա՜րդ, վեր կաց, մոր ետևից
    Խեղճ քուռակը գալ չի կարող,
    Պետք է նրան մի շալակող:
    Վե՜ր, քուռակին շալակդ առ,
    Հաշվի զատկի մատաղի գառ:
    Ոստոտ փայտը չար ճամփորդի
    Հիվանդ մարդուն հանեց ոտի.
    Կռացնելով իրա տակին՝
    Շալակն հանեց ջոջ քուռակին
    Ու բզելով առաջ քշեց...
    Դեպքից սառած
    Եվ աչքերը վերև հառած,
    Խեղճը նորից աստված հիշեց.
    «Ողորմած տեր, փա՜ռքդ հազար,
    Օգնությանս ի՞նչ շուտ հասար...
    Ցավս քիչ էր,
    Քուռակն էլ դեռ
    Աղքատին բե՞ռ»:

    Գյուղացին ու աստված - Աթաբեկ Խնկոյան

    Գյուղացին ու աստված - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Պուտուկն ու շերեփը - Աթաբեկ Խնկոյան

    Պուտուկն ու շերեփը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: