Գեներալիզացված Տագնապային Խանգարման հիմնական ախտանշանը հանդիսանում է գրեթե անընդհատ առկա տագնապը և անհանգստությունը։ Հետաքրքիր է այն, որ դրանք իենց ուժգնությամբ չեն համապատասխանում արտաքին ազդակներին։

Տագնապի քրոնիկ բնույթ կրելը հիմնականում զուգորդվում է դեպրեսիայի հետ, ինչի պատճառով էլ հաճախ ճիշտ ժամանակին չի ախտորոշվում։

Տարածված ախտանիշներն են.

  • անընդհատ տագնապը
  • անհաղթահարելի անհանգստությունը
  • ցածր տրամադրությունը
  • լացկանությունը կամ կոկորդում «լացը խեղդելու» զգացումը
  • դյուրագրգիռությունը
  • մտածողության տեմպի արագացումը
  • քնի խանգարումները (դժվար քուն մտնել, հաճախակի արթնացումներ, «հոգնած» արթնանալու զգացում)
  • ոչինչ չանելու ցանկությունը

Բայց խնդիր ունեցող անհատները բժշկի դիմում են հիմնականում ոչ թե վերը նկարագրվածի կապակցությամբ, այլ մարմնական զգացողությունների պատճառով։

Դրանք են.

  • սրտխփոց և/կամ հաճախասրտություն
  • հաճախաշնչություն կամ հևոց
  • գլխապտույտ
  • քրտնոտություն
  • բերանի չորություն
  • վերջույթների սառում
  • մկանային լարվածություն
  • մկանային ցավեր
  • դող
  • սննդի ընդունման դժվարություն (կոկորդում օտար մարմին լինելու զգացողության պատճառով)
  • սրտխառնոց
  • որովայնի ցավեր
  • հաճախամիզություն
  • փորլուծություն

Իսկ ամենատարծված վարքային յուրահատկություններն են.

  • ատում են անորոշությունը
  • խուսափում են ոչ հստակ իրադարձություններից
  • հետաձգում են հանձնարարությունների և աշխատանքի իրագործումը

Պետք է իմանալ նաև, որ պարտադիր չեն բոլոր ախտանիշների առկայությունը։

Օրգան- համակարգերի պաթոլոգիաների բացառումից հետո պետք է դիմել հոգեկան առողջության մասնագետի՝ հոգեբույժ-հոգեթերապևտի, ախտորոշման և բուժման տակտիկան որոշելու նպատակով։

Բուժումը կոմպլեքս է՝ դեղորայք + հոգեթերապիա:

 

Նկարի հեղինակ, Լինդա Շնեյդեր՝ «Տագնապ»

Հեղինակ dr.tatevkhachatryan