Հետաքրքիր ու հուզիչ հարցազրույց ունեցանք Անժելիկա Ղազարյանի հետ։
- Բարև Ձեզ Անժելիկա: Մեր հարցազրույցները ունեն ձևաչափ, միշտ սկսում ենք մանկությունից: Մի քիչ պատմեք Ձեր մանկությունից, ինչպիսի երեխա եք եղել, ի՞նչ չարաճճիություններ եք հիշում: Եվ ով էր եղել Ձեր օգնականն ու խորհրդատուն մանկության տարիներին:
- Բարև Ձեզ: Ես Անժելիկա Ղազարյանն եմ, ով պարի միջոցով իր շուրջը դարձրեց գեղեցիկ: «Պարել նշանակում Է լինել ինքդ քո մեջ»: Այն կետին, որ ես հասել եմ այսօր, իմ ծնողների շնորհիվ Է: Շնորհակալ եմ իրենց իմ կողքին լինելու, ինձ ամեն կերպով սատարելու, ուժ և վստահություն ներշնչելու համար:
Ցանկանում եմ առանձնացնել ՄԱՅՐԻԿԻՍ, թե՛ իմ կյանքում, և թե՛ իմ մասնագիտական ճիշտ ուղղու ընտրության հարցում: Մայրը մի մարդ Է, ով կների քեզ, չնայած քո բոլոր սխալներին, մարդ, ով կսիրի քեզ քո ծնունդից առաջ, մարդ, ով կհասկանա քեզ, երբ դու դեռ չես սովորել խոսել: Նրան կանվանես մայր, ում համար քո ծնունդը կլինի ամենամեծ ավետիսը: Մարդկային զգացմունքների մեջ մոր սիրուց ավելի ուժեղ զգացմունք չկա:
Հինգ տարեկան էի, երբ մայրս ձեռքս բռնած ինձ տարավ պարի դպրոց: Նա պատմում էր, երբ մեկ ամսեկան եմ եղել և ինձ տարել են հերթական ստուգման, բժշկուհին թաթիկներիցս բռնած բարձրացնելով նկատել է, թե ինչպես եմ քայլեր անում, ասել է․ «она у вас будет балерина» և այդ պատճառով, երբ ինձ հարցնում էին, ինչո՞ւ ընտրեցի հենց պարը, պատասխանում էի․ «Ես երբ ծնվել եմ, միանգամից պարել եմ»։
Եվ քանի որ մորս երազանքն էր, որ ես պարեի և հետագայում դառնայի պարուսույց, նա ոչ մի ջանք չի խնայել, որպեսզի իր երազանքը կատարվեր: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ՄՈՐՍ, որ այն պատկերացումները և սերը ունեմ պարի հանդեպ դարձավ իմ ներկան, ապրելակերպը և այն աշխարհը, որն ինձ ապրեցնում է ամեն վայրկյան:
- Որ տարիքից եք սկսել պարել:
- Պարի հաճախել եմ 5 տարեկանից։
- Բավականին երիտասարդ եք, բայց արդեն ունեք Ձեր իսկ պարի դպրոցը: Երբ և ինչպես որոշեցիք հիմնել դպրոցը:
- 16 տարեկանից ուսմանս զուգահեռ արդեն իսկ աշխատել եմ երեխաների հետ: Աշխատանքային առաջին քայլերը սկսվեցին մարզական ակումբում՝ որպես պարուսույց: Այդ տարիների ընթացքում տալով իմ անսահման սերն ու ջերմությունը, փոխադարձ ստանում էի երեխաների վստահությունը և իմ կատարած աշխատանքի արդյունքը:
Իմ երազանքին մոտ լինելու հանար որոշեցի ունենալ իմ պարային ստուդիան: 2021թ-ի սեպտեմբեռի 6-ը ինձ համար դարձավ կյանքիս կարևոր և նշանակալից օրերից մեկը: Ես այդ օրվանից հասկացա, որ ավելի մեծ պատասխանատվություն եմ կրում լինելով «մի մեծ ընտանիքի» ղեկավար:
Ստուդիան հիմնադրման օրվանից 5 ամիս անց, արդեն իսկ ուներ 60 աշակերտ:
- Ի՞նչ է բեմը Ձեր համար, և կարող եք առանձնացնել որևէ ելույթ, բեմ, որը անկրկնելի է եղել Ձեր համար:
- Աննկարագրելի զգացողություն է, երբ հանդիսատեսին փորձում ես բացատրել քո էմոցիաները և ներաշխարհը պարային շարժումների միջոցով, բեմից: Բազմաթիվ ելույթներ եմ ունեցել շատ բեմերից, մեկը մյուսից տարբերվող, բայց կառանձնացնեմ ինձ համար աննկարագրելի զգացողություններով լի ելույթները, երբ պարում էի «Բարեկամություն» պետական անսամբլում, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
- Ինչպես գիտենք, Ձեր դպրոցը Էջմիածին քաղաքում է: Իսկ ի՞նչ պարեր եք դասավանդում:
- Այո, դպրոցը գտնվում է Էջմիածին քաղաքում: Ուսուցանվում են դասական, հայկական, ժողովրդական բնորոշ և ժամանակակից պարային ոճերը:
«Angelika Ghazarjan dance studio»-ն մասնակցելով բազմաթիվ համերգների, փառատոների և միջոցառումների արժանացել է բարձր գնահատականների, խրախուսանքների և հանդիսատեսի ջերմ արձագանքներին:
Ես իմ աշխատանքային գործունեության առաջին իսկ օրվանից ունեցել եմ որոշակի սկզբունքներ, որոնք պահպանելը շատ դժվար էր: Ստուդիայի յուրաքանչյուր սան բացի կատարողական ուսուցումից, պետք է ստանա պարային գիտելիքներ: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր շաբաթվա մեկ օր սաները իրենց մոտ նշումներ են անում և ավելի գիտակից են մոտենում պարային շարժումներին:
Կարևոր կետերից են`
1. Պարտաճանաչ ներկայանալ պարային դասերին։
2. Ստուդիա մտնել արդեն իսկ կոկիկ հավաքած, պարային սանրվածքով։
3. Ներկայանալ պարային փորձազգեստով։
4․ Եվ ամենակարևոր կետերից մեկը՝ ցուցաբերել հարգանք մեծը փոքրի, փոքրը մեծի հանդեպ:
Եվ այս է պատճառը, որ ստուդիայում տիրում է առողջ մթնոլորտ, սեր, հարգանք և միասնականություն:
- Ինչպես կարող է ազդել պարը երեխաների զարգացման, դաստիարակության գործում:
- Պարուսույց-մանկավարժի համար կարևոր է ինքնատիրապետումը: Ոտք դնելով դահլիճ նա պարտավոր է թողնել իր անձնական զգացմունքներն ու հոգսերը: Եթե պարուսույց-մանկավարժը ինչ որ բանից ցրված է, ապա այն փոխանցվում է երեխաներին:
Լավ պարուսույց-մանկավարժը տիրապետում է հոգեբանական և մանկավարժական գիտություններին, տեսականորեն և գործնականորեն հասկանում է և զգում, որ առանց այդ գիտությունների դաստիարակությունը կլինի թերի, աշխատանքը՝ անարդյունավետ: Պարուսույցը իր դաստաիարակչական աշխատանքում պետք է հաշվի առնի հետևյալ գործոնները.
- Խրախուսողի՝ աշակերտների վրա ունեցած բարոյական ազդեցությունը:
- Հանձնարարված գործի արդյունքի և խրախուսանքի չափի ուղիղ համեմատականությունը:
- Խրախուսել երեխային նշանակում է գնահատել նրա դրական կողմերը, ոգևորել նրան, օգնել հետագա դժվարությունները հաղթահարելու, գնահատել նրա անհատական լավագույն կողմերը:Դաստիարակության տեսության և դիդակտիկայի վերաբերյալ շատ աշխատություններում ապացուցված է, որ ուսուցման գործընթացում հենց իրենց' աշակերտների ակտիվ շփումը նպաստում է իրենց բարոյական զարգացմանը, աշակերտական կոլեկտիվի համախմբմանը,ստեղծագործական անհատական զարգացմանը:
1. Այս ամենը պահանջում է ուսուցման և «նեղ իմաստով» դաստիարակության փոխադարձ կողմնորոշում, համաձայնեցվածություն:
2.Այսպիսով,մենք ուսուցումը դիտում ենք որպես դաստիարակության ձև'«նեղ իմաստով» դաստիարակության հետ միասին:Դաստիարակության հիշատակված բոլոր ձևերն էլ նպաստում են անձնավորության զարգացմանը:Հուսով եմ հետաքրքրեց մեր մեծ ընտանիքի փոքրիկ, բայց միաժամանակ բովանդակալից պատմությունը:Եվ վստահ եմ, որ շատ բարձր բեմերից դեռ կհնչի մեր անունը…
- Դեռ կարճ ժամանակ է անցել, բայց ինչ կասեք մեր պրոեկտի` Պարահունչի մասին, ինչպիսին էին Ձեր առաջին տպավորությունները:
- Պարաhoonch ծրագրի կազմակերպման միջոցառումը աչքի ընկավ իր բավականին կազմակերպվածությամբ:
- Ձեր բարեմաղթանքը հայ ազգին` Հայաստանում և Սփյուռքում:
- Թե Հայաստանում, թե Սփյուռքում մեր հայ ազգին մաղթում եմ պատերազմների ու արհավիրքների ավարտ, խախաղություն և ամենուր արդարության հաստատում: Դժվարություններն ու խոչընդոտները բազմաթիվ են, իսկ միջոցներն ու հնարավորությունները սահմանափակ, սակայն չկա սահմանափակություն, երբ առկա է կամք և ցանկություն:
- Շնորհակալություն գեղեցիկ հարցազրույցի համար Անժելիկա։ Ձեզ մաղթում ենք մեծ բեմեր և հաղթանականեր։ Իսկ «Պարաhoonch» պրոեկտի գեղեցիկ մասնակցությունը կարող եք վայելել՝
Սիրով hoonch.am թիմ՝
Հարցազրույցը պատրաստեցին՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը և Կարինե Հակոբյանը