Մի գել, մի արջ, մի աղվես
Ապրում էին ախպոր պես։
Մի օր գտան մի մեծ փարչ,
Փորը լեն - լեն, բուկը կարճ.
Մեջը լիքը - լիքը եղ
Ու պահեցին մի լավ տեղ,
Որ ետի օրն էն եղեն
Գաթա, նազուկ թըխմըխեն։
Գելը մի օր կիրակի,
Գնաց գողցավ մի մաքի.
Արջը գնաց կըրակի,
Էն աղվեսն էլ իր հանգի
Միսը արեց ղավուրմա,
Էդ էլ եղի մոտ մնա.
Ու աղվեսը եղն ու միս
Ծածուկ նժեց մի ամիս։
Վերջը կանչեց. «Վա՜հ, ամա՜ն,
Ո՞վ է կերել ղավուրման,
Ո՞վ է կերել մեր եղը,
Բան չի թողել իր տեղը»։
Արջը էդտեղ փընթփընթաց,
Գելը կանգնեց վընգվընգաց,
Աղվեսն էլ սուտ թնկթնկաց.
- Ո՞վ է կերել եղն ու միս,
Ո՞վ է մեր մեջ գողն ու փիս.
Ա՛յ, թե գտնեմ ես գողին,
Փարչը ջարդեմ իր կողին.
Բայց չեք կարող ինձ խաբել
Արջիկ - փարջիկ, գել ու փել,
Եկեք էստեղ իսկույն մենք
Արևի տակ քիչ քնենք.
Ում կռնակից եղ դուրս գա,
Նա է գողը, կա, չըկա։
Ու փռվեցին երկար - կարճ
Գող աղվեսը, գելն ու արջ.
Արջը, փարչը, գել ու փել
Հենց որ առան մրափել,
Գող աղվեսը՝ սուս ու փուս,
Իր թաթերին կուզեկուզ
Ելավ քերեց բղիկը,
Բերեց մի մատ եղիկը,
Քսեց մեջքին խեղճ գելի,
Արջին բրթեց՝ թե ելի,
Ես գտել եմ մեր գողը.
Գելն է կերել մեր եղը։
Ու երկուսով տեղն ու տեղ
Գելին արին փորի դեղ։
Հետաքրքիր է նաև․․․
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ Հայ Մեծերից
- 24.07.2025
Աղվեսը, Հովհաննես Թումանյան
- 28.09.2024
Փիսոն, Հովհաննես Թումանյան
- 25.09.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026