• 03 july, 2024
     Ձկնորսի տղան

    Ձկնորսի տղան

    Lինում է, չի լինում` մի մարդ ու կին: Սրանք ունենում են մի մինուճար տղա: Էս մարդը ձկնորս է լինում: Մեռնելիս կնոջն ասում է.- Ա՛յ կնիկ, չըլնեմ-չիմանամ, որ դու մեր տղին իմ փեշակին տաս. ես էսքան չարչարվեցի՝ ի՛նչ դատեցի, որ նա ինչ դատի. թող գնա մի ուրիշ փեշակ սովորի, իր արևի ձենն ածի:
    Տղան մեծանում է, դառնում տասնհինգ-քսան տարեկան: Մի օր մայր ու տղա իրար հետ քաղաք են գնում: Շուկայում ման գալիս՝ էս տղան մի ուռկան է տեսնում: Ուռկանը շատ է դուր գալիս տղային. սա ընկնում Է մոր ոտներն, աղաչում-պաղատում, որ էդ ուռկանն առնի իրեն համար:
    - ՉԷ՛, չէ՛, որդի,- ասում Է մայրը,- քո հերը մեռնելիս պատվիրել է՝ երկաթե լուծը դրել շլինքիս, որ քեզ համար ուռկան չառնեմ, քեզ ձկնորսության չտամ:
    - Չէ՛, մերս, չէ՛, պետք է էդ ուռկանն առնես ինձ համար,- ասում է տղան,- թե կառնես՝ էդ ուռկանն է, թե չես առնի՝ էդ ուռկանն է,- ասում է ու պինդ բռնում ուռկանից:
    Մայրը տեսնում է, որ տղայի ձեռից չի կարող պրծնել՝ փող է տալիս, ուռկանն առնում: Տղան ուռկանը շալակում, ուրախ-ուրախ տուն է գալիս:
    Մյուս օրը տղան ուռկանն առած գնում է գետը ձուկ բռնելու: Ուռկանը ջուրն Է ձգում: Նկատում է, որ բան է ընկել, վռազ-վռազ ուռկանը դուրս է քաշում, տեսնում, որ ի՜նչ՝ միջին մի Գորտ: Գորտը ուռկանից հանում, ջուրն է գցում, փոր-փոշման ուռկանը նորից ջուրը ձգում: Երկրորդ անգամ, որ դուրս է քաշում՝ էլի էն Գորտն Է լինում ուռկանում: Էլի ջուրն է գցում Գորտն ու փոր-փոշման ուռկանը ձգում: Վրա երեք անգամն էլի Գորտն է ընկնում ուռկանը: Տղան էս անգամ Գորտը ջուրը չի գցում: «Ախպե՛ր,- ասում է,- ձուկը չի ընկնում՝ չի ընկնում, էլ ինչի՞ եմ ջուրը գցում Գորտը, բալքի էս է իմ բախտը»:
    Վերցնում է Գորտն ու տուն բերում: Գորտը վեր է գցում դռան տակին ու ինքը գալիս նստում կրակի մոտ: Մայրը իրիկնաժամիցը տուն է գալիս, տեսնում, որ տղան ունքերը կիտած, մռութը կախ, օջախի կողքին նստած է:
    - Ի՞նչ ես ունքերդ կիտել, որդի՛, հիվանդ հո չե՞ս,- հարցնում է մայրը:
    - Ո՞նց ունքերս չկիտեմ, ա՛յ մեր,- ասում է տղան,- էսօր առավոտից դեսը ուռկան եմ գցել, մի հատ Գորտ է բռնածս:
    - Ոչի՛նչ, որդի, ինչի՞ ես դարդ անում, դու ի՞նչ անես, հալբաթ էդ է քո բախտը:
    Առավոտը վեր են կենում, տղան հանդն է գնում, մայրը՝ գործի: Իրիկունը գալիս են տեսնում ջուրը բերած, տունը ավլած, ճաշը էփած, շորերը սարքած, ամեն բան սարքին ու կարգին: Մայր ու տղա մնում են զարմացած, թե էս ո՞վ կլինի էսենց ամեն բան սարքած ու շինած: Ինչքան միտք են անում, միտք, գլխի չեն ընկնում:
    Էգսի օրը դուրս են գնում մայր ու տղա, իրիկունը գալիս են, տեսնում, որ Էլի առաջվա նման ջուրը բերած, տունն ավլած, ամանները լվացած, ճաշը էփած, շորերը սարքած, ամեն բան սարքին ու կարգին:
    - Այ մեր,- ասում է տղան,- արի ես դռան տակին պահ մտնեմ, տեսնեմ՝ էս ո՞վ է գալիս մեր տունը էսպես սարքն ու կարգը գցում:
    Մայրը որ գնում է, տղան մտնում է դռան ետևն ու թաքնվում: Քիչ է մնում, թե շատ՝ մին էլ էն է տեսնում, որ պուճախից դուրս եկավ իր բռնած Գորտն ու լնգլնգալով մոտեցավ օջախին: Մի քիչ դես ու դեն աչք է ածում տեսնում, որ մարդ չկա տանը, մի անգամ կռռում՝ դառնում է մի հավի չափ, մին էլ կռռում՝ դառնում է մի ոչխարի չափ, մին էլ որ չի կռռում, տրաքվում ու միջիցը մի աղջիկ է դուրս գալիս, էնպե՜ս սիրուն, որ ո՛չ լսված էր, ո՛չ տեսնված. որ տեսնեիր, կասեիր՝ ո՛չ ուտեմ, ո՛չ խմեմ, գիշեր-ցերեկ նրա շիմշատ բոյին մտիկ անեմ:
    Էդ աղջիկը ավելը վերցնում՝ տունն ու դուռը ավլում Է, ջուր է բերում՝ ամանները լվանում, օջախի չորս կողմը ջրջրհանում, ճաշը եփում, հենց ուզում է, որ տանի ավելը դնի դռան տակին, տեսնում է՝ տղան կուչ եկած: Վազում Է վերցնի իր մորթը, որ հագնի: Տղան վրա է հասնում ու բռնում: Գորտն աղաչում-պաղատում է, որ բաց թողնի, տղան չի թողնում: Վերցնում Գորտի մորթը կրակն է գցում, որ էլ չհագնի:
    Մայրը իրիկունը գալիս է տուն, տեսնում, որ տղան օջախի մոտ նստած, նրա կողքին էլ մի աղջիկ՝ էնպե՜ս սիրուն, որ ես աղջիկ ասեմ, դու հուրի-փերի իմացիր: Նրա երեսի շողքից պատերը փայլփլում էին: Մայրը երբ իմանում է՝ աղջիկը Գորտի միջիցն է դուրս եկել, շատ է ուրախանում: Տղային պսակում է աղջկա հետ, ու թագավորի պես ապրում են:
    Սրանք մի պառավ հարևան են ունենում: Սա վեր է կենում գնում թագավորի մոտ, ասում.- Թագավորն ապրած կենա, բա չես ասի՝ էսինչ-էսինչ տեղը մի մեր ու մի տղա են ապրում: Նրանք թագավորի լայեղ հարս ունեն, ինձ զորք տուր՝ գնամ քեզ համար բերեմ:
    Էս պառավը էնքան զորք է վերցնում, որ անտառ մտնեին՝ ծառ չէր դիմանա, որ ծովի վրա գնային՝ ծովը կցամաքեր: Գալիս են կռիվ՝ մոր ու տղայի վրա:
    Աղջիկը թուրը ձեռին ընկնում է զորքի մեջ ու մի ժամում բոլորի գլուխն էլ տալիս, միայն մեկին է ողջ թողնում, որ գնա լուր տանի թագավորին:
    Էս որ թագավորն իմանում է՝ ուզում է պառավի գլուխը կտրել տա, պառավն ասում է. - Երկու էնչափ զորք տուր, գնամ, հիմի բերեմ:
    Թագավորը երկու էնչափ զորք է տալիս պառավին, որ գնա աղջկան բերի:
    Էս անգամ էլ աղջիկն ընկնում Է զորքի մեջն ու բոլորի գլուխն էլ կտրում, մեկին սաղ է թողնում, որ գնա լուր տանի թագավորին:
    Թագավորը կանչում է պառավին իր մոտ, որ գլուխը կտրի: Պառավն ասում է.- Թագավորն ապրած կենա, դու էն տղին կանչի քեզ մոտ, ասա, որ գնա օխտը սարի քամակից Հրեղեն ձին բերի: Թե որ չկարենա բերի՝ գլուխը կտրել տուր ու կնկանը տիրացիր:
    Թագավորը կանչում է Ձկնորսի տղային, ասում.- Գնա օխտը սարի հետևից Հրեղեն ձին բեր, թե չբերեցիր՝ գլուխդ կտրելու եմ:
    - Երեք օր ժամանակ տուր մտածեմ, թագավորն ապրած կենա,- խնդրում Է Ձկնորսի տղան: Թագավորը երեք օր ժամանակ է տալիս: էդ տղեն գլուխ է տալիս թագավորին ու գալիս տուն:
    Իրիկունը տղան՝ ունքերը կիտած, նստում է կրակի մոտ: Կինը հարցնում է.- Ի՞նչ ասավ թագավորը, ինչի՞ ես ունքերդ կիտել:
    - Ո՞նց չկիտեմ ունքերս, թագավորն ինձ ասել է՝ օխտը սարի հետևից Հրեղեն ձին բեր, թե չէ՝ գլուխդ կտրելու եմ:
    - Էդ դատարկ բանի համար ինչի՞ ես դարդ անում,- ասում է կինը:- Գնա թագավորից օխտը բեռ բամբակ ուզի, օխտը բեռ քացախ ու արի:- Հետո պատվիրում-խրատ է տալիս.- Օխտն օր ճամփա կգնաս, ամեն օր մի սար անց կկենաս. վրա օխտը՝ սարի լանջին կտեսնես մի աղբյուր, աղբրի ակը օխտը բեռ բամբակով կկապես, ջուրը դուրս կածես, օխտը բեռ քացախը կլցնես մեջը, Հրեղեն ձին կգա կխմի՝ կհարբի, վրան կնստես կքշես, կբերես թագավորի տուն, իրեն կտաս:
    Ձկնորսի տղան էս որ լսում է՝ ունքերը բացվում են, շատ է ուրախանում: էգսի օրը գնում է թագավորից յոթը բեռ բամբակ վերցնում, յոթը բեռ էլ քացախ ու ճամփա ընկնում:
    Օրը մի սար անցնելով, գնում հասնում է օխտը սարին: Գտնում է աղբյուրը, համա որ Հրեղեն ձիու ոտնատեղերը տեսնում է, վախիցը սիրտը փորն է ընկնում: Ոնց որ կնիկն ասել էր՝ յոթը բեռ բամբակով փակում է աղբրի ակը, ջուրը դուրս ածում, քացախով լցնում աղբյուրն ու ինքը թաքնվում: Շատ է կենում, թե քիչ, մին էլ տեսնում է՝ երևաց Հրեղեն ձիու գլուխը: Դեռ մի օրավար հեռու ոտնաձենը լսում Է: Ձին որ խրխնջում է, սար ու ձոր դմբդմբում են...
    Ձկնորսի տղան վախվխելով ծառերի ճյուղերի միջից մտիկ է տալիս, տեսնում, որ ձիու քթածակերիցը կրակ ու բոց է դուրս թափվում. էդ որ չի տեսնում՝ ուռի պես դողում է, ու լեզուն կապ ընկնում: Ձին գալիս է վրա ընկնում աղբրին ու խմում՝ ինչքան խմում է, էնքան ծարավում է, էնքան է խմում, որ աղբրումն էլ քացախի կաթիլ չի մնում:
    Ձին հարբում, շշմում Է, մնում տեղն ու տեղը կանգնած: Ձկնորսի տղան դուրս է գալիս անտառից, նստում Հրեղեն ձին ու ճամփա ընկնում դեպի թագավորի պալատը: Յոթն օրվա ճամփեն մի օրումն է կտրում ու Հրեղեն ձին բերում տալիս թագավորին:
    Թագավորը տեսնում է, որ խաբելով բան չի դուրս գալիս, Ձկնորսի տղային կանչում է, ասում.- Կա՛մ ինձ համար մի սիրուն աղջիկ պիտի ճարես, կա՛մ թե չէ՝ քո կնկանը պիտի բերես: Թե չէ՝ գլուխդ կտրել կտամ:
    Ձկնորսի տղան իրիկունը ունքերը կիտած գալիս է տուն, կրակի մոտ նստում: Կնիկը հարցնում է.- Թագավորն ի՞նչ ասավ, ինչի՞ ես ունքերդ կիտել:
    - Ո՞նց ունքերս չկիտեմ,- ասում է,- թագավորն ասել է, որ կա՛մ իրեն լայեղ աղջիկ ճարեմ, կա՛մ թե չէ՝ իմ կնիկը իրեն տամ:
    - Էդ դատարկ բանի համար էլ ես դարդ անո՞ւմ,- ասում Է կինը,- գնա թագավորից մի մատանի ուզի, մի լավ շուն, մի փահլևան, օխտը հատ էլ չաղ ոչխար, հետո արի քեզ ասեմ, թե ո՛նց պետք է աղջիկը ճարես:
    Ձկնորսի տղան գնում է թագավորից մի մատանի է ուզում, մի Շուն, մի Փահլևան, յոթ հատ էլ չաղ ոչխար: Գալիս է տուն: Կինը նրան սովորեցնում Է, թե որւոեղ պիտի գնա, ինչ պիտի անի, որ աղջիկը ճարի:
    Ճամփա են ընկնում: Մի քիչ որ գնում են, կանգնում են: Ձկնորսի տղան յոթ ոչխարներից երկուսը մորթում է, մեկն ինքն է ուտում, մյուսը՝ Փահլևանը, դմակները տալիս են Շանը:
    Գնո՜ւմ են, գնո՜ւմ՝ շատ են գնում, թե քիչ, ճամփին տեսնում են մի մարդ՝ ջրի վրա ընկած խմում է ու կանչում. «Վա՜յ ջուր, վա՜յ ջուր, խմեմ, ծարավս հովանա»:
    Ձկնորսի տղան ու Փահլևանը գովում են նրա քաջությունը, որ ամբողջ ջուրը ցամաքացրել է, հլա դեռ «Վա՜յ ջուր» է կանչում:
    - Էս ի՞նչ քաջություն է,- ասում Է,- իսկական քաջը Ձկնորսի տղան է, որ ասում են՝ օխտը սարի հետնից Հրեղեն ձին բերել է: Էդ ո՞ւր եք գնում, ինձ հետներդ չե՞ք տանի:
    - Երկու չըլնենք, թող իրեք ըլնենք. ինչի՞ չենք տանի:
    Ձկնորսի տղան մի ոչխար էլ Ջուր ծծող իգիթի համար է մորթում: Միսն ուտում են, դմակը Շանը տալիս: Ճամփան շարունակում են, գնում:
    Գնո՜ւմ են, գնո՜ւմ՝ շատ են գնում, թե քիչ, տեսնում են մի ջրաղաց՝ յոթնաչքանի. ներս են մտնում, տեսնում են, որ մի մարդ նոր աղած ալյուրն ուտում է ու միալար կանչում. «Վա՜յ հաց, վա՜յ հաց, ուտեմ կշտանամ»:
    Ձկնորսի տղան գովում է սրա քաջությունը:
    - Էս ի՞նչ քաջություն է,- ասում է Ալյուր ուտողը:- Քաջությունն էն է, որ ասում են՝ Ձկնորսի տղան օխտը սարի հետնից Հրեղեն ձին բերել է: Բա դուք էդ ո՞ւր եք գնում, ինձ հետներդ չե՞ք տանի:
    - Ինչի՞ չենք տանի,- ասում է Ձկնորսի տղան,- իրեք չըլնենք, թող չորս ըլնենք:
    Մի ոչխար էլ նրա համար Է մորթում: Միսն ուտում են, դմակը Շանը տալիս ու ճամփան շարունակում:
    Գնո՜ւմ են, գնո՜ւմ շատ են գնում, թե քիչ, տեսնում են երկու սար՝ երեք օրավար մեկը մեկից հեռու: Սարերի գլխին մի հաստ թոկ է կապած, մեջը մի մեծ ջրաղացքար անցկացրած: Ամեն սարի գլխին մի մարդ է կանգնած. մեկը ճկույթով ջրաղացքարին տալիս է՝ գլորվում գալիս է մյուսի մոտ, նա էլ ճկույթով ջրաղացքարին տալիս է՝ գլորվում գալիս է սրա մոտ:
    Ձկնորսի տղան գովում է սրանց քաջությունը:
    - Էս ի՞նչ քաջություն է,- ասում են նրանք- քաջությունն էն է, որ ասում են՝ Ձկնորսի տղան օխտը սարի  քամակից Հրեղեն ձին բերել է: Բա դուք էդ ո՞ւր եք գնում, մեզ հետներդ չե՞ք տանի:
    - Ինչի՞ չենք տանի,- ասում է Ձկնորսի տղան,- չորս չըլնենք, թող վեց ըլնենք:
    Նորից երկու ոչխար է մորթում, միսն ուտում են, դմակները տալիս Շանը: Վեց հոգով ճամփան շարունակում են, գնում:
    Գնո՜ւմ են, գնո՜ւմ՝ շատ են գնում, թե քիչ, տեսնում են՝ մի մարդ գլխի վրա ցից կանգնած: Հարցնում են.- Ախպե՛ր, դու ի՞նչ արհեստ ունես:
    Ասում է.- Մարդիկ ինչ խոսում են, ինչ անում են, ես իմանում եմ:
    Ձկնորսի տղան գովում է սրա քաջությունը:
    - Էս ի՞նչ քաջություն է,- ասում է Իմաստունը,- քաջությունն էն է, որ ասում են՝ Ձկնորսի տղան օխտը սարի քամակից Հրեղեն ձին բերել Է: Բա դուք էդ ո՞ւր եք գնում, ինձ հետներդ չե՞ք տանի:
    - Ինչի՞ չենք տանի,- ասում է Ձկնորսի տղան,- վեցը չըլնենք, թող օխտն ըլնենք:
    Մի ոչխար էլ էստեղ է մորթում Ձկնորսի տղան, միսն ուտում են, դմակը Շանը տալիս ու ճամփան շարունակում:
    Գնո՜ւմ են, գնո՜ւմ՝ շատ գնում, թե քիչ, հասնում են թագավորի պալատին: Գնում նստում են հարսնախոսի քարին: Նազիր-վեզիրները գալիս են հարցնում.- Ի՞նչ մարդիկ եք:
    Ձկնորսի տղան ասում է.- Այսինչ թագավորի մարդիկն ենք, եկել ենք աղջիկ ուզելու:
    Թագավորը հարցնում իմանում է, որ սրանք ոսկի չեն բերել, ասում Է.- Հաց տվեք ուտեն, գնան, դրանք ինձ լայեղ մարդիկ չեն:
    Սրանց համար մի մեծ ամանում ճաշ են եփում ու դնում առաջները:
    Ալյուր ուտողն ասում է.- Մինչև ես համը չտեսնեմ, իմ աղեն չի կարող ուտել:
    Ամանը առաջն է քաշում, մի շնչում ուտում վերջացնում ու դնում մի կողմ:
    - Դե գնացեք մեկել ամանները բերեք, էս մի պատառովը ես համն էլ չիմացա:- Գնում են, նորից ճաշ եփում, բերում:
    Մյուս օրը, երբ թագավորը լսում Է սրա մասին, շատ է վախենում: Մտածում է, էն տեսակ դժվար բաներ նրանց առաջարկի, որ չկարենան գլուխ բերել, ու նրանցից ազատվի, պրծնի: Ասում է, որ մի շուն բերեն իր շան հետ կռվելու: Ձկնորսի տղան դուրս է կանչում իր Շանը, սա վրա է հասնում, թագավորի շան բկից բռնելն ու խեղդելը մին է անում: Թագավորը մի փահլևան է ուզում, որ իր փահլևանի հետ կոխ բռնի: Ձկնորսի տղայի Փահլևանը թագավորի փահլևանի ձեռքը բռնում է, որ հո՜ւպ չի տալիս, ձեռը ճռճռում, փշրվում է:
    Թագավորը երբ տեսնում Է, որ զոռով չի կարող նրանց հաղթել, ուզում է խորամանկությամբ առաջն առնել: Հրաման է տալիս, որ գիշերը գաղտագողի ջուրը կապեն դեպի նրանց սենյակը, միջին խեղդվեն: Ջուրը ծծողը բերանը մոտեցնում է դռանն ու միանգամից կում անում, ամբողջ ջուրը ցամաքեցնում: Թագավորի ճարը որ կտրում է՝ ճաշը թունավորում է, որ նրանց կոտորի: Ձկնորսի տղան մատանին դնում Է ճաշի մեջ, թույնը ջոկվում է: Ճաշը էն կողմն են դնում:
    Թագավորն ասում է.- Լա՛վ, դուք լայեղ եք աղջկանս տանելու, համա պետք Է իմ աղջկա ապարանքը վերցնեք ուսներիդ՝ տանեք:
    Էդ ժամանակ Ձկնորսի տղան հարցնում Է Իմաստունին, թե թագավորն ի՞նչ է մտածում: Իմաստունն ասում է, որ թագավորը հույսը կտրել է, վճռել են, որ վաղը լուսը բացվի թե չէ` աղջկանը մեզ տան:
    Մյուս օրը թագավորը տեսնում Է, որ Ջրաղացքար խաղացնող իգիթները ուսները տակն են տալիս, որ աղջկա ապարանքը վերցնեն տանեն. ասում է.- Լա՛վ, ես համաձայն եմ, վեր կալեք, տարեք աղջկանս, ոնց որ դուք կուզեք:
    Սրանք վերցնում են թագավորի աղջկանն ու ճամփա ընկնում:
    Իմաստունն իր տեղն Է մնում, Ջուր ծծողն իր տեղը, Ալյուր ուտողն իր տեղը, Ջրաղացքար խաղացնողներն էլ իրենց տեղը: Ձկնորսի տղան Փահլևանի ու Շան հետ առնում են հարսնացուին ու գալիս թագավորի մոտ:
    Թագավորը կարծում Է, թե Ձկնորսի տղան էլ ետ չի գալու, զոռով նրա կնոջը տարած է լինում իր պալատը:
    Թագավորին իմաց են տալիս, թե՝ Ձկնորսի տղան գալիս է: Թագավորը հրաման է տալիս՝ բաղնիսի ջուրը թունավորեն, Ձկնորսի տղային տանեն լողացնելու ու սպանեն:
    Ձկնորսի տղան հասկանում է թագավորի միտքը, նրան էլ է բաղնիս կանչում:- Մենակ վախենում եմ,- ասում է,- ուրիշի էլ՝ չեմ վստահում:
    Բաղնիս են մտնում թե չէ՝ Ձկնորսի տղան մատիցը հանում է թագավորական մատանին ու ջուրը գցում, էն րոպեին թույնը ջրի երեսն է անում:
    - Ուզում էիր գլուխս ուտե՜լ,- ասում է Ձկնորսի տղան ու թագավորին բոթում, ջուրն է գցում, խեղդում:
    Երկրով մեկ լուրը տարածվում է, որ Ձկնորսի տղան պատժել է անօրեն թագավորին:
    Ժողովուրդը Ձկնորսի տղային ընտրում է թագավոր: Ձկնորսի տղան կնոջը վերցնում է, գնում են մորը բերում իրենց մոտ, բերած հարսնացուին էլ պսակում է Փահլևանի հետ, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք են անում, ուրախանում:
    Երկնքից երեք խնձոր է ընկնում. մեկը՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ արար աշխարհին:

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.