• 01 july, 2024
     Ով աշխատի՝ նա կուտի

    Ով աշխատի՝ նա կուտի

    Մի մայր ու տղա են լինում։ Սրանց ունեցած-չունեցածը՝ մի զույգ եզն է լինում։ Մի օր մայրը հիվանդանում է, անկողին ընկնում։ Տղան ասում է.
    - Սիրտդ ի՞նչ է ուզում, նանի՛։
    Մայրը, թե.- Հե՜չ, եզը կմորթես՝ միսը կուտեմ, թե չէ՝ էլ ուրիշ բան չեմ ուզում։
    - Բա վարի ժամանակ ի՞նչ կանենք,- ասում է տղան։
    Մայրն ասում է.- Մինչև վարի ժամանակը գա, մի հնար կգտնենք... Ի՞նչ ասեմ, ա՛յ որդի, չես ուզում՝ մի մորթի։
    Տղան մոր խոսքը չի կոտրում, եզը մորթում է, մորն ուտեցնում։
    Գարնանավարի ժամանակը որ գալիս է, տղան մորն ասում է.- Բա հիմի ի՞նչ անենք, նանի՛։
    - Նանը քեզ մատաղ լինի, դարդ մի՛ անի,- ասում է մայրը,- արորդ սարքի, եզան փոխարեն ինձ կլծես։
    Տղան արորը սարքում է, ճարահատ՝ մորը լծում է մյուս եզան հետ, գնում են դաշտը, վար են անում։
    Էդ օրերին էս երկրի թագավորը հանդերում որս էր անում. ծառային ասում է.- Ա՛ռ էս թռչունը, խորովի, համա տե՛ս, չվառվի հա՜։
    Ծառան կրակ է անում, թռչունը շամփրին անցկացնում, դնում կրակին, որ խորովի։ Մեկ էլ՝ գլուխը բարձրացնում նայում է, ի՞նչ տեսնի՝ հրեն դաշտում տղան մորը լծել, վար է անում։ Ուշքը նրանց վրա է ընկնում, միսը մտահան անում՝ վառվում է։ Բերում է վառված խորովածը տալիս թագավորին։
    - Ինչի՞ ես միսը վառել,- բարկանում է թագավորը։
    Ծառան ասում է.- Թագավորն ապրած կենա, տե՛ս, հրեն տղան մորը լծել, վար է անում։ Ուշքս դենն էր, վառեցի։ 
    - Գնացե՛ք էն տղին կանչեք,- հրամայում է թագավորը։
    Կանչում են, տղան գալիս է թագավորի մոտ, գլուխ տալիս, կանգնում։
    Թագավորն ասում է.- Ա՛յ տղա, չե՞ս ամաչում, ինչի՞ ես մորդ լծել։
    - Թագավորն ապրած կենա,- պատասխանում է տղան,- մենք մի լուծ եզ ունեինք, մերս հիվանդացավ, ասավ՝ մինը մորթի, ես էլ խոսքից չելա՝ մորթեցի, կերավ։ Հիմի էլ տեսանք՝ հանդը վարող չկա, ձմեռը սոված կմնանք, ինքը ասավ՝ ի՛նձ լծի, ես էլ լծեցի։
    Թագավորն ասում է.- Ամոթ է, ամո՛թ, մորդ բաց թող։ Արի գնանք, ես մի խամ աչառ ունեմ, թե կարաս սովորեցնես՝ տար լծի։
    Տղան սրանց հետ գնում է տեսնում՝ խամ աչառը ո՞րն է, մի գազազած ցուլ... Դու մի՛ ասի, թագավորը շատ էր փորձել՝ չէր կարողացել դրան սովորեցնել։
    Աչառը բռնում են, տղան բերում է իրենց գոմը, պոզերիցն էլ, փորի տակից էլ պինդ կապում է, երեք օր, երեք գիշեր սոված պահում։ Աչառը նիհարում, հընգլ-հընգլն է ընկնում։ Հետո բերում է մի թաս ջուր ու մի բուռ խոտ է տալիս ու տանում եզան հետ լծում։ Աչառը սովորում է, եզան հետ վարում են, հանդը սևացնում։
    Միառժամանակ անց թագավորն ասում է.- Հլա էն տղին կանչեք, գա էստեղ։
    Կանչում են։
    Թագավորը հարցնում է.- Ա՛յ տղա, էդ ո՞նց արիր, որ խեղճացրիր իմ աչառին։
    - Թագավորն ապրած կենա, դե մի կերպ սովորեցրի, էլի,- ասում է տղան։
    - Դե որ էդպես շնորհքով ես,- ասում է թագավորը,- ես մի աղջիկ. ունեմ, արի քեզ տամ, իմ ծախսով էլ հարսանիք անեմ, տար քեզ կնիկ։
    Տղան գալիս է մորն ասում.- Ա՛յ մեր, գնա թագավորի աղջիկն ինձ համար ուզի։
    - Վո՜ւյ, մենք աղքատ ենք, թագավորը մեզ աղջիկ չի տա,- ասում է մայրը։
    - Կտա՛,- պնդում է տղան։
    Մայրն ասում է.- Էս պատռտված շորերով ես չեմ գնա թագավորից աղջիկ ուզի։
    Մայրը գնում է, ամաչում է թագավորի տուն մտնի, դռանը նստում է, սպասում։ Գնում են թագավորին ասում, թե՝ մի պառավ է եկել, դռանը նստել։
    Թագավորն ասում է.- Կանչե՛ք, ներս գա։
    Պառավին տանում են թագավորի մոտ, ասում է.- Թագավորն ապրած կենա, մի խնդիրք ունեմ, համա ամաչում եմ, թե ասեմ։
    - Մի՛ ամաչի, ասա՛։
    - Թագավորն ապրած կենա, իմ տղան քո աղջկանը հավանել է, ուզում է պսակվել,- վախվխելով ասում է պառավը։
    - Շա՛տ լավ, ես համաձայն եմ, որ օրն ուզում է, թող գա տանի,- ասում է թագավորը։
    Գնում են աղջկանը բերում տուն, հարսանիք են անում, պսակում։ Էս աղջիկը օրեցօր նիհարում է, գետնիցը կպչում, գործ չի անում։
    Մայրն ասում է.- Ա՛յ տղա, էս ի՞նչ է, որ բերիր։
    Տղան ասում է.- Բան չկա, մի՛ մտածի, ա՛յ մեր, ես սրան կխելոքացնեմ, մենակ չլնեմ-չիմանամ՝ դրան հաց ու ջուր տաս։- Հետո ասում է.- Բանն ո՞վ անի՝ ես ու դու։ Բա հացն ո՞վ ուտի՝ ես ու դու։- Իրենք ուտում են, նրան չեն տալիս։
    Մի օր, երկու օր, երեք օր էսպես անցնում է. մի օր էլ էս անբան աղջիկը վեր է կենում, իրեն չորս կողմը ավլում է, էլի նստում։
    Տղան մորն ասում է.- Բեր դրան մի կտոր հաց տուր, մի քիչ էլ՝ ջուր։
    Աղջիկն ասում է.- Վո՜ւյ, գրողը սրանց տանի, իմ հոր տանը առանց գործ անելու ամեն բան էլ ուտում էի, սրանց տանը մինչև բան չեմ անում, ցամաք հաց էլ չեն տալիս։
    Մյուս օրը էս աղջիկը վեր է կենում, տունն էլ է ավլում, դուրսն էլ։ Մայրն ուրախ-ուրախ տղային պատմում է եղելությունը։
    Տղան ասում է.- Դե հիմի մեզ հետ հավասար հաց կտաս։
    Դրանից հետո աղջիկը ամեն օր վեր է կենում, տունն ու բակը մաքրում, ջրի գնում, տան գործն անում։
    Օրերից մի օր թագավորը կնոջն ասում է.- Մեր անբան աղջկանը տվինք էն տղին, մի գնամ տեսնեմ՝ ի՞նչ դառավ։
    Մի լավ պատրաստություն է տեսնում, գնում տեսության։ Հասնում է տղայի տուն։ Աղջիկը շփշփալեն գալիս է հոր ձիու սանձը բռնում, ուրախ-ուրախ հորն իջեցնում ձիուց, տուն տանում։ Կեսուրը ձին տանում է գոմը։
    Դրանք խաշ են դրած լինում։ Աղջիկը բերում է սխտորը տալիս հորը, ասում.- Կլպի՛, որ քեզ հաց տան, թե չէ՝ սրանք չաշխատողին հաց չեն տալիս։
    Թագավորը բեղի տակին ծիծաղում է, կամաց-կամաց կճպում է սխտորը։ Կեսուրը ետ է գալիս, տեսնում՝ թագավորը սխտոր է կճպում, ասում է.- Վա՜յ, քոռանամ ես, աղջի՛, էդ ինչի՞ ես սխտորը խնամուն տվել...
    Հարսը, թե.- Բա որ գործ չանի, հաց կտա՞ք։
    Թագավորն ու խնամին ծիծաղում են։
    Իրիկունը տղան գործատեղից վերադառնում է, մի լավ քեֆ են անում, ուրախանում։
    Առավոտը թագավորը ուրախ-ուրախ գնում է տուն, կնոջն ասում.- Աչքդ լույս, մեր աղջիկը էլ էն չի։
    Իզուր չի ասված՝ ով աշխատի, նա կուտի։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.