• 01 july, 2024
     Հպարտ աքլորը - Հայրապետ Հայրապետյան

    Հպարտ աքլորը - Հայրապետ Հայրապետյան

    Բակում մի օր
    Երկու աքլոր
    Կերի համար կռվեցին,
    Իրար փետուր,
    Կատար, բմբուլ
    Արնոտեցին, գզեցին։
    Մեկը վերջում,
    Հաղթված, տրտում
    Փախավ, գոմում թաքնվեց,
    Մյուսն ուրախ,
    Հպարտ, անվախ
    Ելավ կտուրն ու ձայնեց.
    «Կի, կլի՜, կիի՜...
    Այս աշխարհի
    Հավքերի մեջ ինձ նման
    Ո՞վ կա, տեսնեմ...
    Ես իշխան եմ
    Անվախ, անհաղթ, աննման։
    Հարևանի
    Քաջ, անվանի
    Մեծ աքլորին հաղթեցի,
    Բմբուլն ալվան
    Հարդի նման
    Քամու բերան տվեցի»։
    Այդ միջոցին
    Մի մեծ արծիվ,
    Որ նայում էր վերից ցած,
    Նրան տեսավ ու սլացավ՝
    Մագիլները լայն բացած։
    Եվ աքլորին՝
    Պարծենկոտին,
    Ճանկերի մեջ տարավ վեր,
    Քաշեց, կտցեց,
    Պատառոտեց,
    Ձագուկներին արավ կեր:

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.