• 03 july, 2024
     Իշի օգնությունը - Հայրապետ Հայրապետյան

    Իշի օգնությունը - Հայրապետ Հայրապետյան

    Անտառի մեջ, մի բացատում,
    Նապաստակն էր ուրախ ապրում:
    Բայց դեռ չանցած շատ ժամանակ,
    Գլխին եկավ մի մեծ փորձանք.
    Աղվեսը չար ու անկշտում
    Եկավ, ապրեց այն բացատում:
    Փախավ քունը մեր խլշիկի.
    Չար թշնամուց ո՞վ կփրկի:
    Մտավ բույնը, մնաց անքուն,
    Գիշեր-ցերեկ սոված, արթուն:

     

    Մի օր էլ նա իր բնի մեջ
    Հառաչում էր, լալիս անվերջ,
    Մեկ էլ լսեց, որ բացատից
    Խշխշոցի ձայն է գալիս:
    Սիրտը մարեց...
    Թաքուն նայեց,
    Տեսավ կանաչ այն բացատով
    Էշն է գալիս կանաչ ճամփով:
    - Ա՛յ էշ քեռի,
    Ի՛մ սիրելի,
    Վաղուց է որ չեմ քնել ես,
    Ի՞նչ կլինի պահակ կանգնես,
    Որ աղվեսն այն չար ու ագահ
    Չգա և ինձ մեծ վնաս տա:
    - Ի՞նչ ես ասում, խլշիկ ախպեր,
    Ի՜նչ վատ օրի ես հանդիպել:
    Աղվեսն ի՞նչ է, որ վախենամ,
    Հենց քո բնի մոտ կմնամ,
    Իսկ դու գնա, քնիր հանգիստ,
    Վնաս չի գա ոչ մի մազիդ:
    Էշն արածեց մի ժամ, երկու,
    Նապաստակի տան մոտերքում
    Խոտ չմնաց թարմ հյութալի,
    Ուզեց գնալ խորքն անտառի:
    Բայց թե ինչպես թողներ նրան
    Վտանգի մեջ, անօգնական:
    Մի քար բերեց հսկա ու մեծ,
    Խլշիկի տան մուտքը փակեց:
    «Էլ կարո՞ղ է աղվես քեռին
    Վնասել իմ բարեկամին»,
    Հպարտացավ ավանակը,
    Հայդե՛, դեպի մութ ծմակը...


    Ճշմարիտ է, աղվես քեռին
    Չվնասեց բարեկամին,
    Բայց ի՞նչ օգուտ. խլշիկը խեղճ
    Մեռավ, մնաց իր բնի մեջ...

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.