• 01 july, 2024
     Կատուն, աքլորն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Կատուն, աքլորն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Լինում է, չի լինում մի ծեր մարդ է լինում: Այդ ծեր մարդն ունենում է մի կատու և մի աքլոր: Ինքը լինում է փայտահատ: Ամեն օր գնում է անտառ փայտ կտրելու:
    Կատուն ու աքլորը մնում են տանը: Կատուն կերակուր է եփում, ճաշ պատրաստում: Աքլորը կիկիլիկի՜ կանչում, տունն է սրբում:
    Մի անգամ կատուն ճաշ է պատրաստում իր տիրոջ համար, աքլորի բաժինը տալիս է, դուռը վրան փակում ու իր տիրոջ ճաշը տանում:
    Աղվեսը տեսնում է, որ կատուն գնաց, գալիս է ու լուսամուտի տակ կանգնում, անուշ-անուշ երգում.

     

    Կիկիլիկի՜, աքլորիկ,
    Կիկիլիկի՜, խասշորիկ,
    Կարմիր, կարմիր երեսիկ,
    Ալ աբրեշում մորուսիկ:
    Ձեն ես տալիս թաղե-թաղ,
    Կանչի՛, կանչելուդ մատաղ:
    Կանչի՛, թռի՛ լուսամուտ,
    Տես՝ քեզ համար բեռով կուտ
    Ջաղացպանը բերել է,
    Ճամփի վրա փռել է,
    Աքլորն ուտի՝ զորանա,
    Ծիտիկն ուտի՝ չորանա:

     

    Աքլորը կիկիլիկի կանչելով թռչում է լուսամուտը, գլուխը դուրս է հանոմ, որ տեսնի՝ թե ո՞վ է էնպես անուշ-անուշ երգում, իրեն գովում: Աղվեսը իսկույն հոփ, աքլորին բռնում է ու տանում: Աքլորը վախից ճղղում է ու կատվին օգնության կանչում.

     

    Տանո՜ւմ են, կատո՜ւ ջան,
    Վա՜յ, վա՜յ, տանում են.
    Ինձ քեզանից, քեզ ինձանից
    Հա՜յ-հա՜յ, տանում են:
    Աղվեսն ինձ խաբեց
    Անուշ խոսելով,
    Բռնեց, տանում է
    Դար ու փոսերով,
    Գետի ափերով,
    Մութ անտառներով,
    Հեռու տափերով,
    Խոր-խոր ձորերով,
    Բարձր սարերով:
    Արի՛, կատու ջան,
    Կանչում եմ ձենով,
    Տարավ աղվեսը,
    Տարավ խաբելով,
    Կարմիր արյունս
    Ճամփին թափելով,
    Տարավ, ախպեր ջան,
    Տարավ, հա՜, տարավ:

     

    Կատուն անտառից տուն է վերադառնում: Լսում է աքլորի ձենը, վազում հասնում է աղվեսին, գլխին տալով՝ աքլորին բերանից խլում է, բերում տուն ու էսպես խրատում.
    «Աքլորիկս, սիրունիկս, տե՜ս, սրանից  հետո լուսամուտն էլ չբանաս ու դուրս չնայես, էլ աղվեսին չհավատաս, նա քեզ կուտի»:
    Աքլորը խոստանում է, որ էլ աղվեսին չի լսի:

     

    2

    Մի անգամ էլի կատուն տիրոջը ճաշ է տանում: Աղվեսը տեսնում է, որ կատուն գնաց, կանգնում է լուսամատի տակ ու սկսում է իր հին երգը:

     

    Կիկլիկի՜, աքլորիկ,
    Կիկիլիկի՜, խասշորիկ,
    Կարմիր, կարմիր երեսիկ,
    Ալ աբրեշում մորուսիկ:
    Ձեն ես տալիս թաղե-թաղ,
    Կանչի՛, կանչելուդ մատաղ:
    Կանչի՛, թռի լուսամուտ,
    Տես՝ քեզ համար ինչքան կուտ
    Դռան առաջն եմ փռել,
    Հետն էլ սիսեռ եմ բերել,
    Էն էլ մի բուռ եմ բերել
    Աքլորն ուտի՝ զորանա,
    Ծիտիկն ուտի՝ չորանա:

     

    Աղվեսն էսպես երգում է ու մի սիսեռ էլ գցում լուսամուտից ներս: Աքլորը կտցում է սիսեռը, տեսնում է, որ շատ համով է:
    - Է, աղվե՜ս,- ասում է նա,- սրանով ինձ չես խաբի, գիտեմ միտքդ ինձ ուտելն է:
    - Դու էլ ի՞նչ ես ասում, սիրուն աքլորիկ,- պատասխանում է աղվեսը,- ուտեմ, ուտեմ, էն էլ քե՜զ ուտեմ: Իմ միտքը՝ ո՜ւր, քո միտքը՝ ուր: Ես ուզում եմ քեզ հյուր տանեմ, իմ գարու, ցորենի, կորեկի, սիսեռի ամբարները քեզ ցույց տամ, աչքդ մի բան տեսնես:

     

    Կիկիլիկի՜, աքլորիկ,
    Կիկիլիկի՜, խասշորիկ,
    Կարմիր, կարմիր երեսիկ,
    Ալ աբրեշում մորուսիկ:
    Ձեն ես տալիս թաղե-թաղ,
    Կանչի՛, կանչելուդ մատաղ:
    Կանչի՛ , թռի՛ լուսամուտ,
    Ես քեզ համար ինչքա՜ն կուտ
    Դռան առաջն եմ փռել,
    Հետն էլ սիսեռ եմ բերել,
    Էն էլ մի բուռ եմ բերել
    Աքլորն ուտի՝ զորանա,
    Ծիտիկն ուտի՝ չորանա:

     

    Էլ չի համբերում աքլորը: Կիկիլիկի՜ կանչելով թռչում է լուսամուտը, գլուխը դուրս է հանում, տեսնի՝ թե ինչ կա: Աղվեսն իսկույն հոպ, բռնում է աքլորին, տանում դեպի իր տունը: Աքլորը բարձր ձենով ճղղում է ու կատու ախպորն օգնության կանչում.

     

    Տանո՜ւմ են, կատո՛ւ ջան,
    Ինձ քեզանից, քեզ ինձանից
    Վա՜յ, վա՜յ տանում են:
    Աղվեսն ինձ խաբեց
    Անուշ խոսքերով,
    Բռնեց տանում է
    Դար ու փոսերով,
    Գետի ափերով,
    Մութ անտառներով,
    Հեռու տափերով,
    Խոր-խոր ձորերով,
    Բարձր սարերով:
    Արի՜, կատու ջան,
    Կանչում եմ ձենով,
    Տարավ աղվեսը,
    Տարավ խաբելով,
    Տարա՛վ, ա՜խ, տարավ
    Աղվեսն անիրավ:

     

    Կատուն լսում է ու վազում: Վազում հասնում է աղվեսին, գլխին տալով՝ աքլորին բերանից խլում, բերում է տուն ու էսպես ասում.
    - Ես քեզ չասացի՞, աքլորիկս, որ լուսամուտը չբանաս, դուրս չնայես, աղվեսին չհավատաս. նա քեզ կբռնի ու կուտի: Դեռ լավ էր, շուտ հասա: Աքլորիկս, լսիր ինձ, տե՛ս, զգուշացիր, վաղը շատ հեռու եմ գնալու:
    Աքլորն էլի խոսք է տալիս, որ աղվեսին չի լսի:

     

    3

     

    Մյուս օրը կատուն դարձյալ հաց է տանում տիրոջը: Աղվեսը դարձյալ գալիս է, լուսամուտի տակ կանգնում, աքլորին երգելով գովում:

    Կիկլիկի՜ աքլորիկ,
    Կիկլիկի՜, խասշորիկ,
    Կարմիր, կարմիր երեսիկ,
    Ալ աբրեշում մորուսիկ,
    Ձեն ես տալիս թաղե-թաղ,
    Կանչի՜ , կանչելուդ մատաղ:
    Կանչի՜, թռի՛ լուսամուտ,
    Չկարծես թե սուտ է, սուտ.
    Բերել եմ քեզ պալատիկ,
    Պալատիկում լի հատիկ,
    Գարի, սիսեռ ու կորեկ,
    Աքլորի՜կս, դե ե՜կ, ե՜կ,
    Ե՛կ, ե՛կ, տամ՝ կեր, զորացիր,
    Թե չէ՝ քաղցած չորացիր։

     

    Աքլորիկը լսում է, բայց սիրտ չի անում դուրս նայել. մի քիչ հետո աղվեսն էլի երգում է.

     

    Դե՜հ, դո՛ւրս արի, դո՛ւրս արի,
    Աքլո՛ր, աքլո՛ր ման արի,
    Աքլո՛ր, սրտիս սիրեկան,
    Աքլո՛ր, աչքիս դուրեկան:
    Դու տոն օրվա շորով ես,
    Դու պաս օրվա փորով ես,
    Դա՛փ-դատարկ է քո քուչը,
    Մոռացել ես քջուջը:
    Քո կերածը քիչ ձավար,
    Քո տնակը մութ, խավար,
    Բանտարկված ես՝ մեղ չունես:
    Լեն աշխարհում տեղ չունես:
    Կուչ ես եկել տան մեջ, կուչ,
    Բա քո կատուն ոչ ու փուչ
    Բռնակալ է, բռնակալ:
    Ինքը գիտե միշտ ման գալ,
    Անտառներում մլավել,
    Մկան բներ գրավել,
    Ա՛խ, գող կատու, փի՜շտ, փի՜շտ, փի՜շտ:
    Խանգարում ես միշտ, միշտ, միշտ,
    Ինչո՞ւ օրդ զուր անցնի:
    Դուրս եկ, աչքդ բան տեսնի,
    Ապրի ոսկի պալատում,
    Ջուր ես, զուր ես ինձ ատում:
    Մի՛ բարկանա ինձ վրա,
    Չէ՞, քեզ ճամփին չկերա:
    Ուզում էի հյուր տանեմ,
    Կատվի բանտից դուրս հանեմ:
    Է՜, վախենում ես, կաց բարով,
    Ինձ չես տեսնի տաս տարով:
    Այ, գնում եմ ես Թելավ,
    Թե էնտեղ էլ բան չեղավ,
    Ես միտք ունեմ, մի խոսքով,
    Երկաթուղով՝ վը՜զ, Մոսկով:
    Միայն թե դու զորանաս,
    Թե չլսես, չորանաս:

    Աղվեսն էսպես երգում է ու մի անկյունում թաքնվում: Աքլորն էլ տնակի մի անկյունում կուչ եկած՝ ինքն իրեն ասում է.
    - Գնամ-չգնամ՝ գնամ-չգնամ: Հը՛, գնամ, հը՜, չգնամ... Գնա՛մ, աղվեսը էնտեղ չի. գնամ՝ տեսնեմ ոսկի պալատիկը, մի հատ, կես հատ սիսեռ կտցեմ ու հետ գամ:

     

    Կիկիլիկի՜, պալատիկ,
    Կիկիլիկի՜, մի հատիկ...

     

    Երգելով աքլորը թռչում է լուսամուտը: Լուսամուտից գլուխը դուրս է հանում, տեսնում է, որ աղվեսը չկա: Սիրտ է առնում ու դուրս գալիս: Աղվեսը հարձակվում է, հո՛փ,հո՜փ, բռնում է աքլորին ու տանում:
    Աքլորը սրտաճաք ճղղում-ճղճղում է ու կատվին օգնության կանչում.

     

    Տարա՜ն, կատու ջան,
    Տարա՜ն, ինձ տարան,
    Ջիվան աքլորդ
    Աղվեսի բերան,
    Աղվեսն ինձ խաբեց
    Անուշ խոսելով
    Բռնեց, տանում է
    Դար ու փոսերով.`
    Ես քո խրատը
    Ինչո՞ւ մոռացա...
    Տնից դուրս եկա,
    Տնից հեռացա:
    Արի՛, ազատիր,
    Էլ չեմ խաբվի ես,
    Աչքս ճամփիդ է,
    Սպասում եմ քեզ:
    Ճամփես ոլոր է,
    Սիրտս մոլոր է,
    Աղվեսն ինձ տարավ,
    Էս ի՛նչ սև օր է:
    Տարավ աղվեսը,
    Տարավ խաբելով,
    Կարմիր արյունս
    Ճամփին թափելով:
    Տարան աքլորին,
    Տարան, հա՛ տարան,
    Ջիվան աքլորը
    Աղվեսի բերան:

     

    Կատուն անտառից լսում է աքլորի ձենը, վազում է ու էսպես ձեն տալիս.

     

    Եկա՜, հա եկա՜, իմ ջիվան աքլոր,
    Ես քեզ չեմ թողնի էդպես խեղճ-մոլոր:
    Մանգաղ եմ բերում աղվեսի համար...
    Ձեռքս էդ ընկավ, ուրիշ բան չկար:
    Ինձ կատու կասեն, առյուծն է պապս,
    Աղվեսին ցույց տամ ուժս ու թափս.
    Թե չանեմ նրան ես բզիկ-բզիկ...
    Մանգաղ եմ բերել, որ կտրեմ վզիկ,
    Հեռու չեմ, հեռու, մոտի՜կ եմ, մոտիկ:

     

    Կատվի ձենը սար ու ձոր է բռնում, արձագանք է տալիս: Աղվեսն էնպես է իմանում, թե հազար կատու մանգաղ առած գալիս են, որ իր ոտները հնձեն, վիզը կտրեն:
    Վախից դողը բռնում է, թուլանում, մնում է: Աքլորը սիրտ է առնում, իրեն ազատում է աղվեսի բերանից ու փախչում ետ՝ դեպի կատուն, արյունլվա, թևերը կախ, ձենը փորն ընկած:
    Աղվեսն գլուխն առնում, փախչում է: Էլ երբեք չի գալիս աքլորին խաբելու: Կատուն գրկում է վիրավոր աքլորին ու երգում:

     

    Ե՛կ, աքլորիկս, ես քեզ խտտեմ,
    Խտիտս առնեմ, հիվանդ պտտեմ:
    Ընկար սարե-սար, մուրազիդ հասար,
    Վարպետ աղվեսի պալատը տեսա՜ր:
    Ո՞ւր է քո գլխի ոսկեղեն թագը,
    Ի՞նչ վերք է բացվել քո բկի տակը,
    Երկար հյուսերդ չեն թափվում ուսիդ,
    Ո՞ւր են թելերը կարմիր մորուսիդ,
    Ատլաս շորերդ, կարմիր ծիրանի,
    Ատլաս հագնողին հազար երանի,
    Արյուն է դարձել, արյունդ է ծորում
    Ճամփի քարերին, հեռու ձորերում:
    Արյուն ես տեսել, վախել ես, վախել,
    Ծնկներդ ծալել, թևերդ կախել.
    Բայց դու մի վախի, քեզ տուն կտանեմ,
    Դեղ կպատրաստեմ, վերքիդ կդնեմ:
    Մեծի խրատը, գիտեմ, օղ կանես,
    Խոսք չլսելը, ջանիկ, թող կանես:

     

    Կատուն աքլորին տուն է բերում, նրա վերքերը լվանում է, դեղ է անում ու լավացնում:
    Միայն աքլորի միրուքը չի բուսնում. աչքի մեկը լավ չի տեսնում: Ձայնն էլ լավ չի բացվում: Չի կարողանում առաջվա պես կանչել զիլ.
    Կիկիլիկի՜...

     

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.