• 03 july, 2024
     Հիվանդ եղջերուն - Աթաբեկ Խնկոյան

    Հիվանդ եղջերուն - Աթաբեկ Խնկոյան

    Թավ անտառում,
    Իր խոր այրում
    Հիվանդացավ մի եղջերու:
    Եղջերուներ՝ էգ թե արու,
    Խիստ կարեկից
    Դուռ ու դրկից,
    Հորքուր, մորքուր
    Հեզահամբույր,
    Գորովագութ,
    Սկսեցին մի ելումուտ.
    Եկան հանդես,
    Հիվանդատես,
    Եվ խնամիչ,
    Եվ սփոփիչ:
    Հետևանքը՝ հիմա տես ինչ.
    Գալ - գնալով այնքան բերան՝
    Խեղճի պաշարն այնպես կերան,
    Որ նախ այրը մնաց դատարկ,
    Հենց թափ տված մի ալրապարկ:
    Հետո որտեղ ոտ կոխեցին,
    Չոր կրծեցին
    Անցած ճամփին՝ կանաչ, թուփ, ծառ,
    Մինչև վերջին փուշն և մացառ:
    Երբ ամեն ինչ չոր - չորացավ,
    Շրջապատում վերջ - վերջացավ,
    Խեղճ եղջերվին,
    Լավի լավին,
    Էն անմեղին,
    Մեջքը հողին,
    Դունչը կողին,
    Սոված թողին:
    Իրենք փախան, փախան անհետ,
    Անվերադարձ, էլ չեկան ետ:
    Կես ամիսն էլ չլրացավ,
    Ցավի վրա եկավ նոր ցավ:
    Երբ չմնաց ուտելու բան,
    Փրկիչ սովը չոքեց դռան:
    Ու ձայն տվավ, - Այ, ջա՜ն - ջանի՛կ,
    Զահել - ջիվան ի՛մ ջեյրանիկ,
    Գետնին գերի,
    Վե՜ր կաց, արի,
    Ու թաքնվիր,
    Ա՜յ գալիս են հոքիր... մոքիր...
    Խեղճ եղջերուն,
    Երբ չլսեց անուն - անուն,
    Որ չտեսնի երես - երես
    Էլ նրանց պես
    Հոքիր, մոքիր հիվանդատես,
    Հոքիր, մոքիր՝ աչերը խուփ,
    Սիրով փարվեց սովին ընդհուպ:

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.