• 01 july, 2024
     Աշխարհի գեղեցկուհին

    Աշխարհի գեղեցկուհին

    Ժամանակին լինում է, չի լինում՝ մի թագավոր է լինում։ Էդ թագավորը ժառանգ չի ունենում։ Զօր ու գիշեր որդի չունենալու համար էր մտածում։ Մի օր էլ իր խաս բախչի մարմար ջրավազանի մոտ ման գալիս հանկարծ մի դերվիշ է երևում ու ասում թագավորին.- Ինչի՞ ես էդքան շատ մտածում։
    Թագավորն ասում է.- Ես չմտածեմ, բա ո՞վ մտածի։ Ինձանից հետո մի ժառանգ չունեմ, որ ժողովրդիս կառավարի։
    Դեվիշն ասում է.- Թագավորն ապրած կենա, ես որ քեզ երկու տղա տամ՝ մեկն ինձ կտա՞ս։
    Թագավորը խոստանում է, որ կտա։ Դերվիշը հանում մի խնձոր է տալիս թագավորին, ասում.- Կտանես կեսը դու կուտես, կեսը՝ թագուհին։ Ձեզ երկու տղա կլինի, մինչև ես չգամ՝ տղերքին անուններ չդնեք։
    Ասում է ու անհետանում։
    Թագավորը ուրախ-ուրախ գնում է տուն։ Ինչպես որ դերվիշը պատվիրել էր՝ կեսը ինքն է ուտում, կեսը՝ թագուհին։ Երբ որ ժամանակը լրանում է՝ թագավորին երկու տղա է լինում։
    Անցնում է մի քանի օր, սպասում են դերվիշին՝ չի գալիս։ Նազիր-վեզիրն ու բոլոր իշխաններն ասում են.- Էս երեխեքը հո առանց անունի չե՞ն մնալու։
    Թագավորն ասում է.- Դերվիշն ինքը պիտի գա, որ անուն դնի։
    Թագավորի սինոդը հավաքվում է, ասում.- Գուցե թե դերվիշին մի փորձանք է պատահել, էլ չի գալու, տղերքը հո առանց անունի չե՞ն մնալու։
    Թագավորը համաձայնում է, պատրաստություն տեսնում, մարդիկ կանչում անուն դնելու։ Հավաքվում են, որն ասում է՝ Սարգիս դնենք, որն էլ՝ Խաչատուր, վերջապես ամենքը մի բան են ասում, հանկարծ էդ ժամանակ դերվիշը ներս է մտնում ու ասում.- Թագավորն ապրած կենա, մեկի անունը դնենք Նազար, մյուսինը՝ Ղազար,- ու աներևութանում է։
    Թագավորի տղերքը մեծանում են, ուսումնարան գնում, լինում տասնչորս տարեկան։
    Մի օր էլ թագավորն էլի խաս բախչում ման էր գալիս, դերվիշը գալիս է երևում թագավորին.- Հա՛,- ասում է,- թագավորն ապրած կենա, խոսքիդ տերն ե՞ս, տղաներից մեկին պիտի տանեմ։
    Թագավորն ասում է.- Խոստացել եմ, չեմ ուրանա, տա՛ր, որը կամենաս։
    Դերվիշը ասում է.- Ղազարը քեզ, Նազարը ինձ։
    Թագավորն էլ ասում է տղային.- Գնա՛, որդի, գնա էս մարդու հետ։
    Նազարը համբուրում է հոր ու մոր ձեռքը, ընկնում դերվիշի ետևից, գնում։ Գնում են, գնում, շատն ու քիչը իրենք գիտեն, հասնում մի ձորի, հետո ճամփան փոխում են ու գնում ձորն ի վեր։ Ձորից վեր բարձրանալիս մի քարափի են պատահում ու տակը կանգնում։
    Դերվիշը սկսում է Նազարին խրատ տալ.- Որդի՛, արի ինչ որ քեզ պիտի ասեմ, հիմիկվանից ասեմ, որ հետո իմ թլիսմը չկորչի։ Ես գիրք կառնեմ, կելնեմ էս քարափի գլուխը, կկարդամ մինչև երեք օր, երեք օրից հետո էս քարափի միջից մի դուռ կբացվի, դու էդ դռնից ներս կմտնես ու կտեսնես, որ էդտեղ արծաթ փողը մի կողմ կիտած, պղինձը մի կողմ, ոսկին էլ՝ դռան ետևը ահագին դիզած։ Ոչ մեկին աչք չես դնի, միայն ոսկու դեզի գլխին մի ժանգոտ, կեղտոտ շամդան կլինի, տակը թասի պես, էն կվերցնես, ոսկուց, արծաթից մի հատ էլ չես վերցնի, թե չէ՝ ես էլ տակը կմնամ, դու էլ։ Միայն շամդանը կառնես ու դուրս կգաս։
    Ասում է ու առնում գիրքը գնում քարափի գլուխը կարդալու։
    Տղան մնում է քարափի տակ։ Դերվիշը երեք օր կարդում է, երեք օրից քարափը շրխկալեն ետ է գնում, ու մի դուռ է բացվում։ Դերվիշը գլխով է անում տղային, տղան ներս է մտնում ու տեսնում ինչ որ դերվիշը ասել էր՝ էնպես էլ ամեն ինչ կար։ Տղան տեսնում է շամդանը ոսկու դեզի գլխին։ Ոսկու վրայից առնում է շամդանը, որ իջնի, միտքը պղտորվում է, ասում է. «Էս ոսկուց մի քնի կտոր վերցնեմ ու շուտով դուրս գամ»։ Գրպանը լցնում է մի երկու բուռ, դուրս թռչում, քարափը իրար է գալիս, փեշերը մնում են քարափի տակ, իրեն վնաս չի լինում, փեշերը կտրում է։ Դուրս գալիս տեսնում է՝ դերվիշը չկա։ Բարձրանում է քարափի գլուխը, տեսնում, որ դերվիշի ձենը քարափի խորքից է գալիս։ Քանի դեռ ձենը գալիս էր՝ Նազարը հույս ուներ, որ դուրս գար։ Երեք օրից հետո ձենը կտրում է, ինքն իրեն ասում է. «Էլ էստեղ մնալս ավելորդ է»։
    Ընկնում է մի նեղ ճամփա ու գնում։ Գնում է, գնում, մի չոբանի է պատահում, ասում է.- Չոբան ախպե՛ր, շատ եմ անոթի, ինձ մի կտոր հաց տուր ուտեմ։
    Չոբանն ասում է.- Շատ լա՛վ, Նազար աղա՛, քեզ հաց էլ կտամ, կաթ էլ կթեմ՝ կեր ու կշտացի, ուր էլ որ գնաս՝ Աստված բանդ աջողի:
    Չոբանը խոսքը կատարում է: Նազարը կշտանում է, հանում է երեք ոսկի է տալիս, չոբանը չի վերցնում, թե.- Իմ վարձքս չեմ կորցնի, դու ջահել տղա ես, տար, քեզ պետք կգա:
    Նազարը շնորհակալություն է հայտնում չոբանին ու ասում.- Ինձ մի ճամփա ցույց տուր, որ ես գնամ մի քաղաք հասնեմ:
    Չոբանը ցույց է տալիս, ասում.- Էս ճամփով գնա, մեծ սարն անցար թե չէ՝ դենը Սպահան քաղաքն է:
    Սա էլ գնում է էդ ճամփով, հասնում էդ քաղաքը: Մութը ընկել էր, գնում մի իջևանատեղ է գտնում, կանչում է իջևանատիրոջը, թե.- Ինձ մի օթախ տուր:
    Սենյակ են տալիս, Նազարը հանում է հինգ ոսկի է տալիս ու ասում.- Գնա ինձ մի ձեռք անկողին բեր, գիշերվա մոմ բեր, կերակուր բեր:
    Իջևանատերը կատարում է նրա պատվերը: Նազարը մտնում է սենյակը, հաց ուտում. մութը որ ընկնում է՝ մոմը վառում է, մնում ձեռին բռնած: Վեր է դնում գետնին՝ չի կանգնում, պատին է խփում՝ հալվում է թափվում: Հանկարծ միտն է ընկնում կեղտոտ շամդանը: Հանում է, մոմը խփում շամդանին ու վեր դնում: Մի քիչ մնում է, տեսնում է ՝շամդանը շարժվեց տեղից, ասում է.- Գուցե թե տեղը հարթ չէր:- Ուզում է տեղը փոխի, վերցնում է, մեկ էլ ի՜նչ տեսնի՝ շամդանի տակի թասի տեղը լիքը ոսկի է լցվել: Զարմանում է, թե էդ ոսկին որտեղի՞ց: Շամդանն էլ ինչքան շարժում է, էլի ոսկի է լցվում տակը:
    Նոր գլխի է ընկնում, որ ոսկի դիզելը ժանգոտ շամդանի շնորհքն է, կախարդությունը էդ շամդանի մեջն է: Նազարը շատ է ափսոսում, որ դերվիշը անմեղ տեղը կորավ:
    Առավոտը որ լուսանում է՝ իջևանատիրոջը փող է տալիս, ասում.- Ինձ երեք հատ սնդուկ բեր:
    Բերում է: Նազարը վառում է մոմը, կպցնում շամդանից ու շուտ-շուտ փոխում: Քանի փոխում է՝ ոսկին շամդանի տակը լցվում է: Էնքան շամդանը փոխում է, մինչև որ երեք սնդուկն էլ լիքը լցվում է: Էդտեղ մնում է երեք ամիս:
    Մի օր դուրսը կանգնած ժամանակ տեսնում է, որ ժողովուրդը խումբ-խումբ գնում է:
    Կանչում է իջևանատիրոջն ասում.- Էս ժողովուրդն ո՞ւր է գնում:
    Ասում է.- Նազար աղա՛, դու էսքան ժամանակ էստեղ ես, բա չե՞ս իմացել:
    Ասում է.- Չէ՛:
    Իջևանատերը պատմում է, ասում.- Էստեղ մի Աննման գեղեցկուհի կա, ինչքան թագավորների, իշխանների տղերք կան՝ գալիս են տեսության, բոլոր փողերը ծախսում են ու աղքատացած ետ դառնում: Էդ Աննման գեղեցկուհին հարյուր ոսկի տվողին միայն ձեռքն է տեսցնում, հազար ոսկի տվողին՝ երեսը տեսցնում ու ետ քաշում:
    Նազարը մտքի մեջ է ընկնում, ասում է. «Ես էլ գնամ էդ Աննման գեղեցկուհուն տեսնեմ»:
    Մյուս օրը վեր է կենում գնում Աննման գեղեցկուհու մոտ: Գեղեցկուհին իր պալատի պատշգամբում զբոսնում էր, ով գնում էր տեսնելու՝ հեռվից էր պատասխանում:
    Նազարը կանչում է.- Աննման գեղեցկուհի, դո՛ւրս արի, երեսդ տեսնեմ:
    - Հազար ոսկի կարո՞ղ ես տալ:
    Ասում է.- Երկու հազար էլ կտամ:
    Գեղեցկուհին գլուխը դուրս է հանում: Նազարը տեսնելուն պես՝ խելքը գլխիցը թռչում է: Աննման գեղեցկուհին աղախիններին ղրկում է, որ ուշքի բերեն ու տանեն իր տուն: Տանում են: Մյուս օրը առավոտը շուտ վեր է կենում ու Աննման գեղեցկուհու սիրով վառված՝ գնում պալատի առաջ կանգնում, էլի կանչում.- Աննման գեղեցկուհի, դո՛ւրս արի:
    Գեղեցկուհին դուրս է գալիս, նորից ոսկիներն առնում ու գնում:
    Նազարը էդպես շարունակում է գնալ ու գալ գեղեցկուհու մոտ:
    Մի օր էլ գեղեցկուհին Նազարին իր մոտ է կանչում ու ասում.- Ա՛յ տղա, հերիք չեղա՞վ, մեղք ես, քանի-քանի՜ թագավորների ու իշխանների տղերք եկան աղքատացան ու ետ գնացին: Քո փողը որտեղի՞ց է, որ էդքան բերում ես, չի հատնում: Գնա՛, մեղք ես, հեռացի՛ր ինձանից:
    Նազարն ասում է.- Աննման գեղեցկուհի՛, աշխարք-աշխարքով անցնի, ես քեզնից ձեռք չեմ քաշի, պիտի քեզ առնեմ, որ առնեմ:
    Գեղեցկուհին ասում է.- Եթե աշխարքում մարդ չըլնի, ես ու դու մնանք՝ էլի չեմ առնի, գլխիդ ճարը տես:
    Նազարն ասում է.- Ես չե՛մ հեռանա:
    Ասում է.- Որ էդպես է` քեզ մի տեղ կղրկեմ, թե որ գնացիր ու էդ ասածիս պատասխանը բերեցիր՝ էն է որ կառնեմ, թե չէ՝ հո չէ՛: Գնա՛, առավոտը կգաս ինձ մոտ:
    Նազարը գնում է տուն: Աննման գեղեցկուհին մտքում ասում է. «Սպասի՜ր, քեզ էնպես մի տեղ ղրկեմ, որ գնաս ու ետ չգաս»:
    Նազարը լուսաբացին վեր է կենում, գալիս գեղեցկուհու մոտ՝ իմանա, թե որտեղ պտի ղրկի:
    Աննման գեղեցկուհին ասում է.- Կգնաս Իզմիրա քաղաքը, Աբրահամ աղի տունը կգտնես ու կիմանաս, թե ի՞նչն է պատճառը, որ իր ձին գարու տեղ չախմախ քարն է ուտում: Էդ չախմախ քարը ուտելու պատճառը իմացիր ու արի՝ քեզ կառնեմ:
    Նազարը վեր է կենում գնում իջևանատիրոջ մոտ, ասում.- Էս քաղաքի մեջ լավ ձի ո՞վ ունի, գնա՛, ինչ որ կուզեն՝ տուր, բե՛ր:
    Իջևանատերը գնում է մի լավ ձի առնում, գալիս, ասում.- Ձին պատրաստ է:
    Հեծնում է ձին, իջևանատիրոջն ասում.- Լա՛վ մտիկ կանես օթախիս,- ու ճամփա է ընկնում, գնում: Գնում է մինչև Իզմիրա քաղաքը, գտնում Աբրահամ աղի տունը, հարցնում.- Աբրահամ աղեն որտե՞ղ է:
    Ասում են.- Գնացել է Ստամբոլ:
    Ասում է.- Ե՞րբ է գնացել:
    Ասում են.- Երեկ գնացել է, էսօր կգա:
    Նազարն ասում է.- Ո՞նց պիտի մի ամսվա ճամփեն էդպես շուտ գա:
    Ասում են.- Նրա ձին կբերի:
    Մեկ էլ մտիկ են տալիս, տեսնում՝ մի թոզ ու դուման ելավ սարի գլուխը, ծառաներն ասում են.- Հրե՛ն եկավ մեր աղեն:
    Աբրահամ աղան գալիս է, իջնում, ձին ներս է տանում, ծառաները չախմախ քարը բերում են լցնում առաջը: Նազար աղան աչքով տեսնում է, որ ձին չախմախ քարը գարու տեղ ուտում է: Հարց ու բարև են անում, գնում տուն: Աբրահամ աղան ծառաներին հրամայում է, որ հաց բերեն՝ ուտեն, ճամփից եկած բեզարած են:
    Շուտով սեղանը պատրաստում են, Աբրահամ աղան հրավիրում է Նազար աղային հաց ուտելու:
    Նազար աղան ասում է.- Ես քեզանից մի խնդիրք ունեմ, թե կկատարես՝ հացդ կուտեմ, թե չէ՝ հո չէ՛:
    Աբրահամ աղան ինքն իր մեջ մտածում է. «Ջանը՛մ, ի՞նչ խնդիրք պետք է լինի. իմացել է, որ լավ ձի ունեմ, պիտի ուզի, հեծնի տեղ գնա»: Ասում է.- Կկատարեմ խնդիրքդ, արի հաց ուտենք: Միասին հաց են ուտում, վերջացնում, Աբրահամ աղան ասում է.- Ասա՛ տեսնեմ, ի՞նչ է խնդիրքդ:
    Ասում է.- Խնդիրքս էն է, որ ասես, թե ձիուդ չախմախ քար ուտելու պատճառն ի՞նչ է:
    Էդտեղ Աբրահամ աղան զայրանում է, ասում.- Հե՜յ վախ, հե՜յ վախ, ես գիտենայի, որ դու էդ պիտի հարցնեիր ինձ, էն վախտը, որ ես ձիուցս իջա, քեզ թրով կտայի, մեջտեղիցդ երկու կտոր կանեի, դու էլ կպրծնեիր, իմ էլ հին դարդերս առաջ չէին գա. համա որ երդում եմ կերել՝ պիտի ասեմ, դե ականջ արա, Նազար աղա՛, ասեմ: Ես մի կնիկ ունեի: Էդ կնիկս շատ նազուկ էր, ասում էր. «Տեղս չոր է», բերում էի մի բմբլե դոշակ էլ ավելացնում: Էլի գոհ չէր լինում, ինչ որ ասում էր՝ ականջ էի դնում: Մի օր ինձ քեֆի կանչեցին, կնկաս ասի. «Վեր կա՛ց, գնանք»: Ասաց. «Հալ չունեմ»: Ես ելա մենակ գնացի: Մինչն կեսգիշեր կերանք, խմեցինք, քեֆներս չաղացավ, բոլորս էլ ցրվեցինք մեր տները: Ես գնացի առաջ ձիանոցս մտա, ձիանոցիս պահապան մի արաբ ունեի: Գնացի ներս, ի՜նչ տեսնեմ. էդ իմ նազուկ, օխտը ղաթ բմբլե յորղան-դոշակի մեջ քնող կնիկս արաբի հետ ձիանոցի չոր թախտի վրա էնպես փաթաթվել, քնել են անուշ, որ ջուրն արանքներից չէր անցնի: Վերարկուս հանեցի, վրաները գցեցի, որ գիտենան՝ ես տեսել եմ, ուրիշ պատճառ չբռնեն, ու գնացի օթախս քնելու: Առավոտը լուսացավ, քնից վեր կացա՝ վա՜յ էն քնելուն, որ ես քնեցի, մին էլ տեսա՝ կնիկս դեպի ինձ է գալիս: Ինձ ու ինձ ասի. «Գիտի, որ տեսել եմ, գալիս է ոտներս ընկնի, ներողություն խնդրի»: Մեկ էլ՝ մոտեցավ ինձ, մի պուճուր չիբուխ կար, նրանով խփեց ինձ ու ասաց. «Աբրահամ աղա՛, մի թազի դառնաս ու ընկնես քուչեքը»: Խփելուն պես դառա մի թազի ու ընկա դուս: Էն մեծ շները ինձ բռնում էին, կիսախեղդ անում ու վեր գցում: Արի տե՛ս, որ էլի խելք էր մնացել գլխումս: Տո՛ ես ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ, որ էս շների ձեռքից ազատվեմ: Վազեցի ինձ գցեցի մեր խոջի տունը, մտա դրանց վառելիքի փետերի արանքը: Մութն ընկավ, իրիկունը խոջեն տուն եկավ, նա էլ՝ մի հասած աղջիկ ուներ, իրիկնահացը կերան, պրծան, քնելու ժամանակ աղջկան ասաց. «Ճրագն ա՛ռ, գնանք դռները փակենք»: Ճրագն առան, դուրս եկան, շողքն ընկավ տախտակների վրա, աչքերս պլպլացին: Խոջեն տեսավ, ասաց. «Աղջի՛, էս որտեղի՞ց եկավ էս անտերը, փետ բեր, դուս անենք»: Փետով ինձ խփեցին, ահից դուրս չէի գալիս, վերջը հանեցին, փաթաթվեցի խոջի ոտները: Աղջիկն ասաց. «Սրա աչքերը նման են մեր Աբրահամ աղի աչքերին»: Խոջեն բարկացավ, թե. «Անի՛րավ, դու ինչպե՞ս ես նրան էս թազուն նմանեցնում»: Աղջկա վրա նեղացավ ու գնաց քնելու: Աղջիկը ինձ վերցրեց ու տարավ դրեց իր տեղը ու գնաց կնկաս մոտից էն չիբուխը բերեց: Չիբուխով խփեց ինձ ու ասավ. «Էլի Աբրահամ աղեն դառնա՛ս»: Նորից մարդու կերպարանք առա: Աղջիկը չիբուխը տվեց ինձ ու ասաց. «Տա՛ր, ինչ որ կուզես՝ արա կնկանդ»: Ես էլ չիբուխն առա, գնացի տեսա, որ էլի արաբի հետ փաթաթվել, քնել են: Մտածեցի, թե՝ սրանց ի՞նչ անեմ: Չիբուխով արաբին խփեցի, ասացի. «Դու մի սև էշ դառնաս»: Կնկանս էլ մի ձի շինեցի, որ մնան իրար մոտ: Էդ էշը անտեր էշ էր, ով ուզում էր՝ բանեցնում էր, ձիուն էլ՝ ես գարու ու դարմանի տեղ չամչով ու լաբլաբով էի պահում: Դե ինչքան չլինի, էլի կնիկս էր: Մի օր նոքարներն էկան ասին, թե՝ ձին կեր չի ուտում, աչքերիցը արտասուք է թափում: Նոքարներին ասի. «Գնացեք տեսեք՝ էն էշը որտե՞ղ է»: Գնացին տեսան, որ էշը սատկել է: Չոր գլուխը առան, բերին դրին ձիու մոտ, ձին որ էշի գլուխը տեսավ՝ սկսեց պատի քարերը կրծել, նոր իմացա, որ էս թերմաշը էդ էշի սուգն է պահում: Դրանից հետո սկսեցի չախմախ քարը լցնել առաջը: Քանի նոքարները էշի չոր գլխին խփում էին, նա ավելի կատաղած էր ուտում քարը: Սա՛ է քար ուտելու պատճառը: Գնա՛, քեզ ղրկողին խաբար տար:
    Նազարը նստում է ձին, մնաս բարով ասում Աբրահամ աղային, ընկնում ճամփա: Գալիս Է Աննման գեղեցկուհու քաղաքը հասնում, ձին տալիս է իջևանատիրոջը, գնում գեղեցկուհու մոտ՝ բարև, Աստծու բարի: Աննման գեղեցկուհին ասում է մտքում. «Ինչպե՞ս էլավ, որ նորից ետ եկավ»: Ասում է.- Դե պատմիր տեսնեմ, ինչպես եղավ:
    Նա էլ պատմում է էնպես, ինչպես որ Աբրահամ աղան պատմել էր իրեն:
    Հետո գեղեցկուհին ասում է.- Լա՛վ իմացիր, Աբրահամ աղի կնիկն իրեն մարդուն ի՞նչ օգուտ տվեց, որ ես քեզ օգուտ տամ: Գնա՛, գնա՛, գլխիդ ճարը տես:
    Նազարն ասում է.- Անհնար է, ես քեզ պիտի առնեմ:
    Աննման գեղեցկուհին տեսնում է, որ չի համոզվում, ասում է.- Քեզ մի տեղ էլ կղրկեմ, թե որ պատասխանը բերիր՝ կառնեմ:
    Նրա միտքն էն էր, որ էնպիսի տեղ ուղարկեր, որ գնար ու ետ չգար:
    Աննման գեղեցկուհին ասում է.- Կգնաս Ղայսարի քաղաքը, էնտեղ Մաջրում խոջա կա, նա որ կբարձրանա մինարեի գլուխը ազան տալու, կասի. «Օխա՜յ, օխա՜յ, եկա՜ն»: Ազանը կտա, կպրծնի, իջնելու ժամանակ՝ «ա՜խ ու վա՜խ» անելով, գլխին, ծնկներին խփելով կիջնի: Գնա՛, էդ «ախ ու վախի» ու ուրախանալու պատճառը իմացի, արի՝ ես քեզ կառնեմ: 
    Տղան վեր է կենում, մնաս բարով ասում ու գնում: Ձին նստում է, ճամփա ընկնում:
    Գնում է Ղայսարի քաղաքում Մաջրում խոջի տանը ղոնախ լինում, տեսնում է՝ խոջան գնում է դեպի մինարեն, որ ազան տա: Նազարը գնում է ազանին ականջ դնելու: Տեսնում է, որ հաստատ, մինարեն բարձրանալու ժամանակ Մաջրում խոջան «օխա՜յ, օխա՜յ, եկա՜ն» ասաց ու «վա՜յ, վա՜յ» ասելով, ծնկներին ու գլխին խփելով իջավ, դեպի իր տուն գնաց: Նազարն էլ ետնից է գնում: Խոջան իմանում է, որ իր հյուրն է՝ հարցուփորձ է անում, քիչ նստելուց հետո ասում է, որ հաց բերեն:
    Սեղանը պատրաստում են, խոջան հրավիրում է հաց ուտելու, Նազարը ասում է.- Ես քեզնից մի խնդիրք ունեմ, թե կկատարես՝ հացդ կուտեմ, թե չէ՝ վեր կկենամ, կգնամ:
    Խոջան մտածում է. «Սրա խնդիրքը էն պիտի լինի երևի, որ աղջկա սիրահարված է, գիր անել պըտի տա»: Ասում է.- Շատ լա՛վ կլինի, կկատարեմ:
    Նազարը մոտ է գալիս, հաց են ուտում: Քիչ զրուցելուց հետո խոջան ասում է.- Ի՞նչ է խնդիրքդ, ասա՛ տեսնեմ:
    Նազարն ասում է.- Դու ինձ ասա, թե ի՞նչն էր պատճառը, որ մինարեի գլուխն էլար ազան տալու, ասիր. «Օխա՜յ, օխա՜յ, եկա՜ն» ու «վա՜յ, վա՜յ» անելով, գլխիդ ու ծնկներիդ խփելով իջար: Դրա պատճառը խնդրեմ ինձ ասա:
    Էդտեղ Մաջրում խոջան մի խոր «ա՜խ» է քաշում ու ասում.- Ես որ իմանայի՝ դու էդ պետք է հարցնեիր, տուն գալուն պես կխփեի, կսպանեի քեզ, ու իմ հին դարդերս չէի նորացնի: Կարդացող մարդ եմ, որ երդում եմ կերել՝ պիտի ասեմ: Դե ականջ արա՛, Նազար աղա՛: Ես Մաջրում խոջեն էի, ինչ ժամանակ որ բարձրանում էի մինարեի գլուխը ազան տալու՝ էնքա՜ն քաղցր ձեն ունեի, որ շատ երկրներից մարդիկ էին գալիս ձենս լսելու: Օրերից մի օր ազան տվածս տեղը երեք աղունիկ եկան՝ ինձ մինարեի գլխից առան, տարան Հուրի-փարի թագավորի մոտ: Թագավորն ինձ հետ խոսեց, թե. «Մաջրում խոջա՛, էս ի՜նչ է քո արածդ, իմ պուճուր աղջիկս քո ձենիդ քաղցրության վրա հայիլ-մայիլ է եղել ու քեզ վրա սիրահարվել է, ասում է. «Ես Մաջրում խոջին կառնեմ»: Դե հիմի դու էլ իմ աղջկաս կառնե՞ս, թե՞ չէ»: Ասի. «Կանչի աղջկադ, տեսնեմ»: Բերել տվեց աղջիկներին ու ասաց. «Տեսնո՞ւմ ես էս աղջիկներին, սրանք էն աղունիկներն են, որ քեզ մինարեի գլխիցը բերին: Երկու մեծերիս էստեղ պսակել եմ, իսկ էն պուճուր աղջիկս ուզում է քեզ առնի»: Ես էլ տեսա Հուրի-փարի թագավորի գեղեցիկ աղջկան ու ասի. «Որ տաս՝ ինչի՞ չեմ առնի»: Նա ինձ պատասխան տվեց, թե. «Դու հողածին ես, իսկ մենք՝ հուրի-փարի. մեր մեջ սովորություն չկա «ա՜խ-վա՜խ» անելու: Թե որ կարող ես առանց «ա՜խ ու վա՜խ» անելու մնաս՝ մնա՛, թե չէ, որ «ա՜խ ու վա՜խ» արիր՝ քեզ նորից կտանեն քո տեղը, դու էնտեղ կմնաս վառվելով, իմ աղջիկս էլ՝ էստեղ»: Ես ասի. «Չե՛մ անի»: Բերեց աղջիկը պսակեց ինձ հետ: Մնացինք երեք-չորս տարի, մեզ երկու երեխա եղավ: Օրերից մի օր հայրենիքս միտս ընկավ՝ մի «ա՜խ» քաշեցի: Եկան աղջիկները, ինձ տարան թագավորի մոտ, թե՝ «Իսան-օղլին ա՜խ քաշեց»: Թագավորն ինձ ասավ. «Ա՛յ տղա, ես քեզ չասեցի՞, թե՝ ա՜խ չպիտի քաշես»: Ես էլ ասի. «Թագավորն ապրած կենա, հայրենիքս միտս ընկավ՝ սխալվեցի, ա՜խ քաշեցի»: Թագավորն ասավ. «Առաջին անգամն է, ներում եմ. քեզ որ ղրկեմ հայրենիքդ՝ գաղտնիքդ հո մարդու չե՞ս ասի: Թե որ մարդու սըռդ ասիր՝ էլ քեզ էնտեղից չենք բերի: Դու էնտեղ կմնաս վառվելով, իմ աղջիկս՝ էստեղ»: Ես էլ խոստացա, որ չեմ ասի: Հրամայեց աղջիկներին, էլի աղունիկի կերպարանք մտան ու տարան ինձ մինարեի գլուխը դրին, էկան: Առավոտվա ազանի ժամանակն էր, սկսեցի ազան տալ, բոլորը խանութները փակեցին ու էկան, թե. «Մաջրում խոջան եկել է»: Երբ որ ազանից պրծա՝ ցած իջա, բոլորը եկան շրջապատեցին, հարցուբարև արին, թե. «Մինչև հիմի դու որտե՞ղ էիր»: Ամեն մեկին մի բանով խաբեցի, հաստատ տեղս չասեցի: Անցավ մի ամիս: Մի օր ինձ կարդացնող խոջես ձիու վրա մի խուրջին գիրք լցրած եկավ իմ մոտ, կանչեց ինձ առանձին ու երդում տալ տվեց, թե. «Դու լինես՝ էս գրքերը, իմ ամագս քեզ քոռացնի, թե որ ճիշտը չասես՝ որտե՞ղ էիր էս չորս տարին»: Ինձ էլ խոջիս երդումը շատ սարսափեցրեց, ու դրուստն ասացի՝ որտեղ էի: Երբ որ ամիսը լրացավ՝ ելա մինարեի գլուխը, որ գան
    ինձ տանեն: Մեկ էլ տեսա՝ կնիկս ու էրեխեքս եկան: Մտածեցի, որ ինձ կտանեն, ասի. «Օխա՜յ, եկա՜ն, եկա՜ն»: Ազանս տվի պրծա, նշանածս էրեխանց հետ էկավ մոտեցավ ինձ ու ասավ. «Տո՜, բեբախտ հողածին, էս ի՞նչ բան էր դու արիր, ինչո՞ւ դու քո գաղտնիքդ ասիր, հիմի ես հուրի-փարիքի մոտ սևերես եղա»: Ասավ ու երեխանց գլուխը ծեծելով առավ գնաց: Ես էլ «ա՜խ ու վա՜խ» անելով, գլխիս ու ծնկներիս խփելով իջա ցած: Հրե՛ս սա է էդ բանի պատճառը: Գնա՛, քեզ ով որ ղրկել է՝ լուր տար:
    Նազարը ձին նստում է ու ճամփա ընկնում դեպի իրենց երկիրը: Գնում է հասնում գե-
    ղեցկուհու մոտ ու պատմում էնպես, ինչպես որ իմացել էր:
    Աննման գեղեցկուհին ասում է.- Հուրի-փարին Մաջրում խոջին առավ, ի՞նչ հասկացավ, որ դու ինձ առնես՝ հասկանաս:- Մտքում ասում է. «Սպասի՛ր, էս անգամ էնպես տեղ ղրկեմ, որ գնաս ու ետ չգաս»:
    Նազարն ասում է.- Հիմի կառնե՞ս ինձ, քո պայմաններդ կատարեցի:
    Աննման գեղեցկուհին ասում է.- Կարգը երեքից է: Էս անգամ էլ մի տեղ ղրկեմ, թե որ գնացիր ու պատասխանը բերիր, էն է՝ որ կառնեմ, թե չէ՝ ես էլ կպրծնեմ, դու էլ: Էս անգամին կգնաս Ղարսա քաղաքը: Էնտեղ մի լավ թուր շինող կա: Դա որ թուրը շինում պրծնում է՝ փողն առնում ու թուրը տալիս է տիրոջը, հետո նորից թուրը ետ է ուզում, երեսին նայում ու դնում ծնկանը՝ ջարդում, փշուր-փշուր անում: Գնա, դրա պատասխանն էլ իմացիր ու արի՝ նոր քեզ կառնեմ:
    Նազարը մնաս բարով է անում, ձին նստում ու ճամփա ընկնում: Գնում է հասնում Ղարսա քաղաքը: Հարցնելով գտնում է թուր շինողի տունը: Էնտեղ է հասնում, որ թուրը շինել պրծել, տիրոջն էր տալիս: Հանկարծ թուրը ետ է ուզում, որ նորից տեսնի, երեսին մտիկ է տալիս, դնում ծնկանը՝ կտոր-կտոր անում:
    Մուշտարին ասում է.- Ախպե՛ր, ես որ հավանել էի, դու ինչի՞ կոտրեցիր:
    Վարպետն ասում է.- Հրես քո փողերը, ի՞նչ վնաս ունեցար, մեջտեղը իմ աշխատանքս գնաց:
    Մուշտարին գնում է, վարպետը նոր հարցուփորձ է անում Նազարին, հրավիրում տուն: Ճաշի սեղանը պատրաստում են, ասում է.- Համեցե՛ք, հաց ուտենք:
    Նազարն ասում է.- Ես քեզնից մի խնդիրք ունեմ, թե կկատարես՝ հացդ կուտեմ:
    Վարպետն էլ մտածում է, թե. «Լավ թուր շինող եմ, երևի իմացել է, եկել է մոտս: Մի թուր կշինեմ, կտամ իրեն՝ կգնա»: Ասում է.- Կկատարեմ խնդիրքդ:
    Նազարն ասում է.- Ես քեզնից ոչինչ չեմ ուզում, միայն թե ասա՛, ի՞նչն է պատճառը,
    որ թուրը շինեցիր ու տվիր տիրոջը, նորից ետ դառար, ջարդեցիր, կտոր-կտոր արիր:
    Բարկանում է վարպետը ու վիրավորված ասում.- Թե ես կիմանայի՝ դու ինձ էդ պիտի հարցնեիր, թուրը ոչ թե գետնին կխփեի, այլ՝ քեզ մեջտեղից կես կանեի, իմ դարդերս իրար չէիր տա: Համա որ երդվել եմ՝ պետք է ասեմ: Դե՛ ականջ արա, Նազար աղա՛: Ես ղարսեցի մի նախրչու տղա էի, հերս ինձ նշանեց, պսակեց, մի տարի մնացի հորս մոտ ու հետո բաժանվեցի: Մի քիչ հեռու մեր մարագն էր: Գնացինք էդ մարագում ապրելու: Ապրուստ չունեինք: Ես նշանածիս ասացի. «Դու էստեղ կաց, ես ուրիշ քաղաք գնամ՝ փող աշխատեմ, համա դու տանից դուրս չգաս, ու պարկեշտ կմնաս»: Պատվիրեցի ու գնացի, գնացի Ստամբոլա քաղաքը, մտա մի թուր շինողի մոտ, հինգ տարի ծառայեցի ու թուր շինելը լավ սովորեցի: Հինգ տարուց հետո դալալը կանչեց, թե. «Տերությանը ձիավոր մարդ է հարկավոր, ով որ եկավ՝ բավականին փող կստանա»: Ես էլ տեսա, որ մեջտեղը օգուտ կա, գրվեցի զինվոր, հինգ տարի էլ մնացի էդտեղ, էղավ տասը տարի: Մեկ օր էլ դալալը կանչեց, թե. «Ով որ գնա Արզրում՝ փողը երկու անգամ ավել կտան»: Ես էլ գնացի Արզրում, տասը տարի էլ էնտեղ մնացի, էղավ քսան: Նորից դալալը կանչեց, թե. «Ով որ գնա Ղարս՝ էնտեղ ավելի շատ ռոճիկ կառնի»: Ես էլ նորից եկա Ղարս, իմ հայրենիքը: Ղարս որ եկա՝ ինձ մարդ չէր ճանաչում, ով գիտեր, թե ես նախրչու տղեն եմ: Էն մարագի տեղ, որտեղ կնիկս թողել էի, մեծ քոշկ ու սարայներ էին շինել: «Վա՜յ,- ասի իմ մեջ,- դու իմ պատվերս չես պահել, ծուռ ճամփով ես էս տները շինել... Սպասիր մութն ընկնի, տեսնեմ՝ էս տունը մտնող-էլնող կա՞»: Իրիկունը որ ոտքը խաղաղվեց՝ գնացի փանջարից մտիկ տվի, որ մեկ ջահել-ջիվան երիտասարդ կնկաս հետ կերան, խմեցին ու մտան իրար ծոց՝ քնեցին: Մտքումս ասի. «Ես տերության զինվորը լինեմ ու էդ բանը ես ղաբուլ անե՞մ»: Քաղաքը որ քուն մտավ՝ մտա ներս, երկուսին էլ մորթեցի տեղի մեջը, ելա գնացի իմ տեղս քնեցի: Առավոտը վեր կացա, գնացի սրճարան, տեսա, որ մարդիկ իրար հետ խոսում, վշվշում ու ափսոսում են: Մոտեցա, հարցրի, թե. «Ախպե՛ր, էդ ինչի՞ վրա եք խոսում»: Նրանք էլ պատասխանեցին, թե. «Սրանից մի քսան տարի առաջ մի նախրչու տղա հորիցը բաժանվեց, նոր պսակված կնիկը բերեց մի մարագում դրեց ու ինքը գնաց կորավ: Դրա գնալուց հետո կնոջը տղա էլավ, երբ որ մեծացավ՝ շատ խոնարհ, աշխատասեր մարդ դարձավ,բավականին փող աշխատեց, լավ-լավ տներ շինեց, մոր հետ շատ երջանիկ ապրում էին: Էս գիշեր մի անաստված, անխիղճ ավազակ մտել է ներս, հա՛մ մորն է մորթել, հա՛մ տղին»: Էդ խոսքերը որ լսեցի, ասի. «Ձեր ասած անաստվածն էլ, անհոգին էլ, մարդասպանն էլ ես եմ»: Հիմի որ էս թրերը ետ եմ առնում նորից մտիկ տալու՝ մտածում եմ, որ կնոջս ու տղիս էս թրով սպանեցի, հերսս գալիս է, ու թուրը ետ եմ առնում, ջարդում: Թուր ջարդելու պատճառն էլ սա է: Գնա՛, ով որ քեզ ղրկել է՝ խաբար տար:
    Նազարը մնաս բարով է անում վարպետին ու ձին նստում, գնում հասնում է Աննման գեղեցկուհու քաղաքը: Ձին տալիս է իջևանատիրոջը, ինքը գնում լուր տալու Աննման գեղեցկուհուն: Գնում է, պատմում վարպետի խոսքերը էնպես, ինչպես որ լսել էր:
    Աննման գեղեցկուհին ասում է.- Նրանք իրարից ի՞նչ հասկացան, որ մենք իրարից հասկանանք:
    Նազարն ասում է.- Դու ինձ երեք տեղն էլ ղրկեցիր, որ մի վնասի դիպչեմ, ետ չգամ, համա Աստված ինձ պահեց, դու իմ բախտն ես, պիտի առնեմ, որ առնեմ:
    Աննման գեղեցկուհին ասում Է.- Տղա՛, սուտը հատավ, ես էլ քեզ կառնեմ:
    Նազարն ասում է.- Դե՛, պատրաստություն տես, որ գնանք իմ հայրենիքը:
    Պատրաստվում են ու ճամփա ընկնում: Գնում են հասնում էն չոբանի մոտ, որ Նազարին հաց էր տվել, կանչում է, չոբանին մի բուռ ոսկի է տալիս, ասում.- Գնա՛ հորս ասա, որ էն կորած տղեդ գալիս է:
    Չոբանն ասում է,- Նազար աղա՛, հիմի կառնեմ ոսկիդ, դու կենտ գնացիր, ջուխտ եկար,- ու վազում է քաղաքը թագավորին իմաց տալու:
    Թագավորը երբ որ լսում է՝ շատ է ուրախանում, չոբանին երկու բուռ ոսկի է տալիս, հրամայում կառքեր լծել: Զորքը հավաքում է ու ընկնում ճամփա: Գնում հասնում է տղային: Տղան երբ հորը տեսնում է՝ հարսի հետ իջնում է ձիուց ու գալիս թագավորի ձեռը համբուրում: Թագավորն էլ համբուրում է տղային ու հարսին և նստեցնում իր կառքը, գալիս են տուն: Հարսանիք են անում, քառասուն օր, քառասուն գիշեր ուտում, խմում, քեֆ են անում:
    Սրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.