• 01 july, 2024
     Անկտրել վարունգը

    Անկտրել վարունգը

    Լինում է, չի լինում՝ մի բոստանչի։ Դա իր բոստանումը ունենում է մի մեծ վարունգ։ Ով էդ վարունգն ուզում է առնի՝ չի տալիս։
    Ասում են.- Ինչի՞ չես տալիս։
    Ասում է.- Չե՛մ տալիս։
    Մի թագավորի տղա է լինում, ասում է.- Դրա հերն եմ անիծել, հլա ես գնամ՝ տեսնեմ ո՜նց չի տալիս։
    Թագավորի տղան իր զորքով գնում է բոստանչուն վախեցնում, աչքերը կապում, էդ վարունգը պոկում, տանում։
    Բոստանչին ասում է.- Ա՛յ տղա, էդ վարունգից քեզ վնաս կգա, զգույշ կաց։ Խրատս լա՛վ լսիր. ուր էլ տանես դա՝ կդնես փեշիդ տակ, կգնաս, ինչքան ետևիցդ ձեն կտան՝ ետ չնայես։ Կբերեն զուռնա-դհոլ կածեն, որ մի կերպ ետ նայես, համա չըլնեմ-չիմանամ՝ ետ նայես, հա՜, տե՛ս՝ կփոշմանես։
    Տղան էդ վարունգը վերցրած գնում է։ Ինչքան որ ետևից ձեն են տալիս, զուռնա-դհոլ են ածում՝ ետ չի նայում։ Գնում է հասնում մի խոր անտառ, տեսնում է մի մեծ չինարի ծառ, ծառի տակ էլ՝ մի սառն աղբյուր։ Նստում է էդ ծառի տակ, ուտում-խմում, հանգստանում է, որ էլի ճամփան շարունակի։
    Էդ տղան մի քիչ մտածում է, ասում.« Էս վարունգը պիտի կտրեմ, տեսնեմ՝ սրանում ի՞նչ կա, որ ամբողջ աշխարհն էս վարունգն ուզեց, բոստանչին չտվեց»։
    Վերցնում է վարունգը կտրում, տեսնում է՝ հրես մի ոսկեմազավոր, սիրուն աղջիկ էս վարունգի միջին։ Դրանք փաթաթվում են իրար։
    Տղան աղջկան ասում է.- Ես եկա մի հնարով իմ մուրազին հասա, համա քեզ էսպես անպատրաստ ու անշոր իմ հոր տուն չեմ տանի, ամոթ է։ Արի դու էս ծառը բարձրացիր, ես գնամ տանն իմաց տամ, պատրաստությունով, զուռնա-դհոլով գամ քեզ տանեմ։
    Էդ աղջիկը բարձրանում է չինարի ծառը։ Տղան դրան էդտեղ թողնում է, գնում։ Հետո մի պառավ կին կուժը շալակին գալիս է, որ էդ աղբյուրից ջուր տանի։
    Էդ պառավը տեսնում է, որ մի մարդու շվաք է երևում աղբրի միջին։ Դես է մտիկ անում, դեն է մտիկ անում, տեսնում է, որ հրես մի սիրուն աղջիկ չինարու վրա նստած է։
    Ասում է.- Աղջիկ ջա՛ն, ներքև արի, տեսնեմ էդ ո՞վ ես։
    Ասում է.- Չէ՛, նանի ջա՛ն, ես վեր չեմ գալ։
    Ասում է.- Դե տեղ տուր, ես էլ գամ։
    Ասում է.- Չէ՛, նանի ջա՛ն, սա քո տեղը չի։
    Վերջն էդ պառավը ականջ չի անում, ծառը կրծոտելով, պոկոտելով բարձրանում, էդ աղջկա մոտ է հասնում։
    Հասնում է մոտն ու ասում.- Աղջիկ ջա՛ն, ի՞նչի ես եկել էստեղ, էս ինչպե՞ս է պատահել, որ էս անտառում մենակ ես։
    Ասում է.- Եսի՛մ, նանի ջա՛ն, եկել եմ, էլի։
    Էդ պառավը աղջկա վրա մի աղոթք է ասում, էդ աղջիկը հավք է դառնում։ Պառավն էլ նրա տեղը նստում է, մնում։ Էդ աղջիկը որ հավք է դառնում՝ նայում է տեսնում, որ թագավորի տղան հրեն զուռնա-դհոլով գալիս է։
    Էս հավքը թռչում է գնում թագավորի տղայի ուսին կանգնում։ Թագավորի տղան էլ վերցնում, էս հավքը ընկերոջն է նվիրում։ Բայց էդ հավքը ոչ մեկի ձեռին չի մնում, դուրս է թռչում, փախչում, էլի գնում է թագավորի տղայի ուսին վեր գալիս։ Թագավորի տղան նորից է տալիս ուրիշի, բայց էլի չի մնում, գալիս է իր ուսին կանգնում։
    Թագավորի տղան տեսնում է, որ շատ է հոգուն հասցնում, զայրանում, բռնում է ու էդ խեղճ հավքի վիզը կտրում, դեն գցում։ Էդ կտրած գլուխն ընկնում է մի այգու մեջ։ Էդ այգում դուրս է գալիս մի հրաշալի թթենի, էնքան բոյ է քաշում, որ տան գլուխն է հասնում։
    Այգու տերը գալիս է թթենին կտրում, ասում.- Տանս շվաք է անում։
    Դրանից մի շերեփաչափ փայտի կտոր՝ կտրելիս թռչում է ընկնում մի աղքատ պառավի կտրով ներս, դառնում է մի սիրուն շերեփ, մտնում գդալամանի մեջ։ Էդ պառավն էլ մի հատ մինուճար տղա է ունենում, ուրիշ տեղ աշխատելիս է լինում։ Հետո էդ շերեփը դառնում է մի սիրուն հարս։ Ամեն օր պառավը տանիցը հեռանում է թե չէ՝ դա դուրս է գալիս, տուն ու դուռ մաքուր ավլում, հավաքում, էլ ետ գնում գդալամանը մտնում, դառնում շերեփ։ Էդ պառավը գալիս է տեսնում՝ տունը ավլած, մաքրած, մնում է զարմացած։
    Գնում է հարևանների կանանց ասում.- Ա՛յ կնանիք, էսպե՜ս, էսպե՜ս մի բախտի մեջ եմ ընկել, չգիտեմ՝ սա ի՞նչ բան է։
    Ասում են.- Ա՛յ պառավ, հետևի՛ր, հլա տես՝ էդ ինչ բան է։
    Էդ պառավը հետևում է, տեսնում է, որ էդ հարսը գդալամանից դուրս եկավ, տները ավլեց, մաքրեց, ամեն բան իրեն տեղը դրեց։ Հենց որ պրծնում է, ուզում է էլ ետ գդալամանը մտնի՝ պառավը գնում է պինդ-պինդ փեշերիցը բռնում։
    Ասում է.- Նանի ջա՛ն, չէ՛, չէ՛, թող արա գնամ, թող արա։
    Ասում է.- Չէ՛, բալա ջա՛ն, ես էլ հենց քեզ նման մի հարսի եմ ման գալիս։
    Աղջիկը համաձայնում է մնալ պառավի մոտ։ Պառավն էլ նամակ է գրում տղային, որ գա։ Տղան գալիս է, հարսն ամաչում, թաքնվում է։
    Պառավը տղային ասում է.- Բալա ջա՛ն, մի սիրուն հարս իրա ոտով մեր տուն է եկել, ես տանից հեռանում էի, գալիս էի տեսնում՝ տունն ավլած, մաքրած, կերակուրը եփած։ Ես գլխի չէի ընկնում՝ ինչ հրաշք է։ Հարևաններն ասին. «Հետևի՛ր», ես էլ հետևեցի՝ տեսա, որ էսպե՛ս, էսպե՛ս մի սիրուն աղջիկ գդալամանիցը դուրս եկավ, ամեն բան էլ արավ, ուզում էր թաքնվի, բռնեցի։ Հիմի էլ ո՞ւր ուրիշ աղջկա ման գանք, արի նրան ուզի։
    Ասում է.- Նանի՛, նա անպատճառ մի դարդ կունենա, մեղք է, թող կենա, իր արևի ձենն ածի։
    Ասում է.- Դե դու գիտես, բալա ջա՛ն։
    Տղան աղջկանը կանչում է, ասում.- Ես քույր չունեմ, ինձ քույր կըլնե՞ս։
    Ասում է.- Ես էլ՝ ախպեր չունեմ, ես քեզ՝ քույր, դու ինձ՝ ախպեր։
    Պառավն ասում է.- Դե, ես էլ կլինեմ ձեր մերը, բալեք ջա՛ն։
    Էդ տղան քրոջը թողնում է մոր մոտ, ինքը գնում իր գործին։
    Լուր տանք թագավորի տղայից։ Նա աղջկան ծառի վրա թողեց, գնաց, որ պատրաստություն տեսնի, զուռնա-դհոլով գա կնոջը տանի։ Եկավ ծառի վրայից էն պառավին վերցրեց, տարավ տուն։
    Մի օր էլ թագավորը հրաման է տալիս, որ ամեն գյուղում, յուրաքանչյուր տուն թագավորի ձիերից մեկը պիտի պահի։ Մեկն էլ բերում են, Էդ պառավին տալիս։
    Պառավն ասում է.- Բալա ջա՛ն, ախր, ես պառավ եմ, ուժ չունեմ, ո՞նց պահեմ։
    Ասում են.- Թագավորի հրաման է, ո՛նց ուզում ես՝ պահի։
    Էս աղջիկը դուրս է գալիս թաքուն աչք ածում, տեսնում՝ սա էն ձին է, որ թագավորի տղան առաջին անգամ նստած եկավ, իրեն բոստանչուցն առավ, բերեց աղբրի գլխին թողեց։
    Ձին թողնում են գնում, ասում է.- Ա՛յ ձի, ես քեզ կեր չպիտի տամ, իմ գլուխը կլվանամ, գլխիս ջուրը տակդ կածեմ, տակիդ մամուռ դուրս կգա՝ կուտես, կչաղանաս։
    Էդպես էլ անում է։ Ձին էնքա՜ն չաղանում է, էլ չասելու։ Հետո թագավորը ձիերը հավաքում է։
    Գնում է գոմը, ձիուն ասում.- Կգան քեզ տանելու, համա մինչև ես չգամ ասեմ. «Վե՛ր կաց տեղիցդ», վրայիցդ օխտը զոլ կաշի էլ պոկեն՝ վեր չկենաս։
    Գալիս են ձին տանելու, ինչքան մտրակում են՝ տեղիցը չի շարժվում։
    Ասում են.- Ա՛յ պառավ, էս  ի՞նչ բան է, էնքան չաղացրել ես՝ տրաքում է։
    Ասում է.- Բալա ջա՛ն, ես չեմ պահել, աղջիկս է պահել։
    Ասում են.- Դե գնա ասա, գա վեր կացնի։
    Պառավը գնում է կանչում աղջկան։
    Գալիս է ասում.- Է՜յ նամարդ, նամարդի անասուն, շատ էլ՝ քո տերն է նամարդ, դու խի՞ ես նամարդություն անում, վե՛ր կաց տեղիցդ։
    Ասելուն պես ձին վեր է թռչում տեղից։ Թագավորի տղեն էլ է էդտեղ լինում, որ էդ բանը տեսնում է՝ մնում է զարմացած, համ էլ՝ իրեն օրում էդ տեսակ սիրուն աղջիկ տեսած չի լինում։ Նայում է, նայում ու շատ նմանեցնում իր կտրած վարունգի էն աղջկան, բայց դե ի՞նչ կարող էր ասել։
    Ձին տանում է, բայց հանգիստն ու դադարը կտրվում է, ուզում է էդ աղջկանը տեսնի։ Բերում է մի հրաման է տալիս, որ ամեն տանից մեկը բուրդ գզելու պետք է գնա թագավորի համար։
    Բուրդ գզողները հավաքվում են, էդ աղջիկն էլ պառավի կողմից է գնում։
    Գործը վերջացնում են։
    Թագավորի տղան ասում է.- Ա՛յ իմ մշակներ, ամենքդ ձեր վարձն ասացեք, գնամ առնեմ բերեմ։
    Մեկն ասում է. «Ես շալ եմ ուզում»։ Մյուսն ասում է. «Ես հուլունք եմ ուզում», վերջը ամենքը մի բան են ուզում։
    Հերթը գալիս է հասնում էդ աղջկան, ասում է.- Ինձ համար մի նուռ կբերես, մի տիկնիկ ու մի հատ էլ՝ ածելի։
    Թագավորի տղան գնում է բոլորի ասածներն էլ առնում, բերում տալիս է իրենց։ Էդ աղջկանն էլ հետևում է, տեսնի՝ էդ ուզածները ի՞նչ է անելու։ Աղջիկը գնում է ճանապարհից դուրս է գալիս, մի մասրենու տակ նստում, տղան էլ մասրենու հետևը թաքնվում է։
    Աղջիկն ասում է. «Ա՛յ նուռ, ես իմ դարդերը պատմեմ՝ դու կտոր-կտոր եղիր, ա՛յ ածելի, ես իմ դարդերը պատմեմ՝ դու սրվի, ա՛յ տիկնիկ, ես իմ դարդերը պատմեմ՝ դու պար արի»։
    Հետո դարդերը մեկ-մեկ պատմում է, թե ո՛նց է վարունգ եղել, թագավորի տղան առել է, դեռ տուն չհասած՝ ճամփին կտրել է, ինքն աղջիկ է դառել, թագավորի տղան ծառի վրա թողել է, պառավը եկել է աղոթք արել՝ հավք է շինել, թագավորի տղան վիզը պոկել ու դեն է գցել։ Ինքը թթենի է դառել, կտրել են, ինքը շերեփ է դառել, այսինչ պառավը բռնել է, ուզեցել է իրեն հարսը դարձնի, բայց տղան հասկացել է, որ հալածված է՝ իրեն քույր է համարել ու պահ տվել մորը։ Բոլորը որ ասում է՝ նուռը կտոր-կտոր է լինում, ածելին սրվում է, տիկնիկն էլ պար է գալիս։ Էդ ասելուց հետո ուզում է իրեն ածելիով մորթի, տղան դուրս է գալիս, ձեռը բռնում, փաթաթվում են իրար։
    Թագավորի տղան աղջկան տանում է իրենց տուն, էն պառավին կապում են ջորու պոչից, բաց թողնում։
    Իրենք նորից հարսանիք են անում, հասնում իրենց մուրազին։ Էդպես էլ ամեն ջահել հասնի իր մուրազին։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.