• 01 july, 2024
     Աուտիզմը և սննդի ընտրողականությունը

    Աուտիզմը և սննդի ընտրողականությունը

    Այս հոդվածով ձեզ եմ ներկայացնում 10 ռազմավարություն, խորհուրդները, որոնք կարող եք կիրառել տանը սննդի ընտրողականության խնդիրները բարելավելու համար:

    Առաջին հերթին հարգելի ծնողներ և մասնագետներ խորհուրդ եմ տալիս խորը շունչ քաշել և հիշեցնել ինքներդ ձեզ, որ չեք կարող մեկ օրվա ընթացքում փոխել ձեր երեխայի սննդակարգը‼️
    Առաջարկելով հետևյալ 10 ռազմավարությունը՝ խորհուրդ եմ տալիս տրամադրել առնվազն մեկ ամբողջական ամիս, որի ընթացքում անհրաժեշտ է կանոնավոր և հետևողականորեն կիրառել հետևյալ ռազմավարությունները՝ ձեր երեխայի սննդի ցանկը ավելացնելու համար:

    1. Յուրաքանչյուր իր նախընտրելի (խոսքը այն ամենի մասին է ինչ ուտում է այս պահին, դրանք հիմնականում լինում են չիփս, կարտոֆիլ, քաղցրավենիք և այլն) սննդի հետ
    առաջարկեք միրգ կամ բանջարեղեն մեկ հատ։ Այժմ սա կարող է թվալ, որ դա դժվար գործընթաց է: Բայց, երբ երեխան սննդային խնդիրներ ունի, մեզ համար կարևոր է հնարավորինս հաճախ նրան սննդի նոր տարբերակներ առաջարկել:

    2. Առաջարկեք նրա սիրելի ուտեստները սովորականից փոքր չափաբաժնով, բայց միաժամանակ առաջարկեք այլ միրգ կամ բանջարեղեն,որը դուք ցանկանում եք, որ նա սկսի համտեսել: Իսկ իրեն ծանոթ կամ սիրելի ուտեստը փոքր չափաբաժնով ազդանշան է հանդիսանում, որ ժամանակն է սկսել ուտել: Եվ դա նաև կդրդի նրան, որ ճաշի ժամանակ ձեզ հետ սեղան նստի:

    Աուտիզմ, երեխաներ, սնունդ

    3. Փորձեք սննդին նայել ձեր երեխայի տեսանկյունից, եթե սնունդը դարձել է ձեր հետ տարաձայնությունների աղբյուր և նրա համար տհաճ փորձ։ Փորձեք հասկանալ, թե ինչպես կարելի է ուտելը դարձնել ուրախ և հաճելի իրադարձություն և՛ ձեր, և՛ երեխայի համար։ Դարձրեք սնունդը զվարճալի:

    4. Խրախուսեք նրան խաղալ ձեր կողմից առաջարկվող սննդի հետ: Եթե ​​նա չի ցանկանում մատներով դիպչել սննդին, առաջարկեք նրան գդալով կամ դանակով ձեր օգնությամբ սնունդը ձևավորել, կամ դրանով ֆիգուրներ կամ կառուցվածքներ պատրաստել: Հնարավորության դեպքում ներգրավեք երեխային խոհարարության մեջ այնքան որքան հնարավոր է: Միևնույն ժամանակ այդ ընթացքում նա ընտելանում է սննդին՝ տեսողության և հոտի զգայարանների միջոցով։ Հիմնական գաղափարն այստեղ այն է, որ նա սկսում է ընկալել տարբեր առաջարկվող ճաշատեսակները կամ միրգը/բանջարեղենը որպես դրական երևույթ: Իսկ ի՞նչը կարող է ավելի դրական լինել, քան խաղը… 

    5. Մի սպասեք, մինչև սոված լինի:
    Աուտիզմ ունեցող երեխաների շատ ծնողներ ինձ հաճախ ասում են, որ իրենց երեխաները սովը չեն ընկալում այնպես, ինչպես մյուս երեխաները: Կարծում եմ, որ այս դիտարկումներն արժանի են առանձին ուսումնասիրությունների։ Միևնույն ժամանակ, ես խորհուրդ եմ տալիս չսպասել մինչև շատ քաղցած լինի երեխան ( ըստ ձեզ ), և պետք չէ ձեր երեխային հարցնել թե արդյո՞ք նա ուզում է ուտել,վստահ եմ նա ձեզ կասի ոչ: Պարզապես առաջարկեք նրան ուտելիք ,միաժամանակ, ըստ օրվա ժամանակացույցի:

    6. Յուրաքանչյուր 2,5 ժամը մեկ նոր (ձեր կողմից ընտրված) սնունդ առաջարկեք: Հնարավորության դեպքում հավատարիմ մնացեք այս ժամանակացույցին, այլ ժամանակ բացառեք ցանկացած սնունդ: Շատ կարևոր է, որ երեխան սննդի հետ կապված ռեժիմ ունենա, կարևոր է, որ նա հիշի, որ սնունդը հասանելի է միայն որոշակի ժամերի։

    7. Մի՛ համեմեք ձեր սնունդը զգացմունքներով: Ես գտնում եմ, որ սա կարևոր կետ է բոլոր ծնողների համար:Ձեզ համար կարևոր է հետևել ձեր սեփական էմոցիաներին, երբ ձեր երեխան ուտում է: Ես հասկանում եմ, որ երեխայի «վատ» սնունդը ձեզ մեծ անհանգստություն է պատճառում: Փորձեք գիտակցաբար նվազեցնել ձեր անհանգստությունը և այլ բացասական հույզերը: Կարևոր է, որ ճաշն ասոցացվի դրական մթնոլորտի հետ։ Հավատացեք, որ ձեր երեխան կարող է նոր կերակուրներ ուտել և նշել յուրաքանչյուր հաջողություն, անկախ նրանից, թե որքան փոքր է կերել ձեր կողմից առաջարկված սնունդը:

    8. Առաջարկեք ձեր երեխային սնունդ, որը կուտեն ընտանիքի մյուս անդամները, նույնիսկ եթե կարծում եք, որ նա կհրաժարվի: Թող նա գոնե պարզապես նստի սեղանի շուրջ, մինչ շրջապատի մարդիկ ուտում են: Ինչպես նշեցի, տեսողությունը, հոտերը, սննդին մոտ լինելը կարող են օգնել նրան ապագայում նոր համեր փորձել:

    9. Փորձեք ավելացնել ֆիզիկական ակտիվությունը ուտելուց առաջ:

    10. Փոփոխությունները կարող են լինել միայն աստիճանաբար , և փոքր քայլերով առաջ կգնաք, սակայն չհուսահատվեք և հետ նայելով թվացող փոքր քայլերին հիշե՛ք, որ դուք կարող եք հաղթահարել սննդի ընտրողականության խնդիրները խորհրդակցելով էրգոթերապիստի հետ:

     

    Տարածելիս խնդրում եմ պահպանել հեղինակային իրավունքը

    Հոդվածի հեղինակ՝  Մերի Ավետիսյան

    ՀԱՍԿ սոցիալ-կրթական աջակցության կենտրոնի, էրգոթերապիայի ծրագրերի համակարգող, էրգոթերապիստ
    Հասցե՝ ք. Երևան, Արամ Խաչատրայն 4
    Հեռ. 099084851

    Հ.Գ դեպքերը շատ անհատական են հարգելիներս և այս ռազմավարությունները կազմել եմ ըստ հաճախ հանդիպող դեպքերի հիման վրա։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.