• 01 july, 2024
     Մկների ժողովը - Աթաբեկ Խնկոյան

    Մկների ժողովը - Աթաբեկ Խնկոյան

    Սով էր, սով էր մկստան,
    Կատվի ձեռքից լկստան,
    Գզիրն ընկավ դռնեդուռ,
    Էլ չթողեց տուն - կտուր,
    Ջահել, ահել գեղովի,
    Ջոջերին ջոկ տեղովի
    Կանչեց, բերեց ժողովի՝
    Թե ինչ անեն, որ կատվեն
    Մի հնարքով ազատվեն:
    Եկան գյուղի ջոջերը,
    Երկար բարակ պոչերը,
    Մասնակցեցին խորհրդին,
    Մի մուկ խոսեց իր հերթին.
    - Լսե՜ք, մկներ ցեղակից,
    Չունեմ որդի, կողակից,
    Ես մի անտեր ծերուկ եմ,
    Բայց պատվավոր մի մուկ եմ.
    Պակսեց ուժը իմ ոտի,
    Պետք է մեռնեմ անոթի...
    Սովն է չոքել դռանը,
    Ա՜խ, մռռանը, մռռանը,
    Վեր է ընկել մառանը,
    Ինչքան ասես նազ անի,
    Ստից սատկի, տազ անի,
    Մուկ տեսնելիս վազ անի,
    Գլխից բռնի, կախ անի,
    Թաթովը տա, խաղ անի,
    Ուտի, քեֆը չաղ անի,
    Էսպես զուլում ու կրակ,
    Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
    Բայց թե ազնիվ մեր ցեղը
    Կորչելու չէ զուր տեղը,
    Ցավն էլ ունի իր դեղը...
    Ա՜յ, բերել եմ ես մի զանգ,
    Ծափ, ծլնգոց,
    Մեջը զնգոց.
    Կատվի վզից մենք կախ տանք,
    Որ ինչքան էլ օրորա,
    Որ ինչքան էլ շորորա,
    Ստից սատկի, տազ անի,
    Գալն իմանանք գազանի:
    Է՛, զանգը ո՞վ կախ անի.
    - Ալո դո՛ւ:
    - Ալո՞ն տանի:
    - Բալո, դո՛ւ:
    - Բալո՞ն կախե:
    - Չալո, դո՛ւ:
    - Չալոն կա՜ղ է:
    - Մստո, դո՛ւ:
    - Մստոն կարճ է:
    - Փոստո, դո՜ւ:
    - Էդ էլ խի՞ղճ է:
    - Համբո, դո՛ւ:
    - Ես տկար եմ:
    - Չամբո, դո՛ւ:
    - Ասենք տարա,
    Բա որ կատուն գա ինձ վրա՞:
    - Բտոն, Խտոն թող մեկից
    Բռնեն կատվի քամակից:
    - Ի՞նչ է խոսում չոր գանգը,
    Լավ է դու տար էդ զանգը,
    Էլ ի՜նչ Բտո, ի՜նչ Ֆստան, -
    Ճստաց Բտոն ճստճստան:
    - Լռի, հանդուգն,
    Կոտորվե՜ք դուք,
    Վախկոտներիդ ես թաղեմ,
    Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ
    Գոչեց ջոջը,
    Քաշեց պոչը:

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.