• 03 july, 2024
     Խուլի այծերը - Աթաբեկ Խնկոյան

    Խուլի այծերը - Աթաբեկ Խնկոյան

    Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորչում են: Տերն ընկնում է դես-դեն այծերը գտնելու:
    Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
    - Բարի աջողում, ախպեր, այծերս չե՞ս տեսել:
    - Լավ է՝ այսպես ցանեմ,- ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
    Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
    - Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
    Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ-ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
    - Շնորհակալ եմ, ախպե՜ր, այծերս գտա. առ այս այծն էլ քեզ,- ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
    - Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ,- զարմանքով ասում է արտավար խուլը:
    - Ի՞նչ ես խոսում,- ասում է այծատերը,- ես ա՛յս այծն եմ խոստացել, որ մեռնես էլ՝ մյուս այծերից տվողը չեմ:
    - Չէ, ես չեմ կոտրել,- բարկացած ասում է մեկը:
    - Չէ, ես է՜ս այծն եմ խոստացել,- կրկնում է մյուսը:
    Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:
    - Ա՛յ նանի,- ասում է այծատերը,- իմ այծերը կորել էին. գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես է՜դ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:
    - Ա՛յ նանի,- ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
    - Է՛, որդիքս, ձեր արևն ապրի,- պատասխանում է խուլ պառավը,- ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել. քանի որ էն չքոտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ։

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.