- Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,-
Ասավ քամին տերևներին,-
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ...
Եկեք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այնուհետև...
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ...

Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,
Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։

1909