- Բարև Ձեզ Ռուբինա։ Հավատարիմ մնալով մեր ֆորմատին, եկեք խոսենք Ձեր մանկությունից։ Ինչ հիշողություններ ունեք, ինչպես նաև հետաքրքիր դեպքեր կարո՞ղ եք պատմել։

 - Իմ մանկությունը անցել է շատ վառ ու պայծառ։ 

Ապրել եմ համեստ ընտանիքում, որտեղ առաջնային արժեքներից է եղել ազնվությունը, անկեղծությունը, արդարությունը, անսահման բարությունը, կամեցողությունը, դիմացինի հաջողությամբ ուրախանալը, ունեցածով գոհանալն ու շնորհակալ լինելը։ 

Կարող եմ համարել, որ ունեցել եմ իսկական մանկություն՝ բակում տարատեսակ խաղեր խաղալով, բակային հանդեսներ կազմակերպելով՝ անգամ տոմսեր ծախելով, ձմռանը առատ ձների մեջ ձնագնդի խաղալով, ձնեմարդ պատրաստելով ու սահնակ քշելով, արձակուրդներս պապիկ-տատիկիս գյուղում՝ սարերում և Սևանի ափերին։ 

Մանկությանս ձեռքբերումներից են նաև անկեղծ ու ազնիվ ընկերներս, ովքեր մինչև հիմա կողքիս են։ 

Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion,, Kids Fashion Day, hoonch.am

- Մի քիչ խոսեք Ձեր կրթությունից, ուսանողական տարիներից։

- Սովորել եմ Երևանի Պետական Հումանիտար քոլեջի Տուրիզմի բաժինը։ Խենթանալու աստիճան անմոռանալի տարիներ եմ ունեցել։ Ամեն շաբաթվա վերջ մեր գործնական դասերը քաղաքից դուրս պատմամշակութային վայրերին ու մեր երկրի հանգստյան գոտիներին ծանոթանալով էր անցնում։ Բնությունը հասկանալու, գնահատելու ու ճիշտ մատուցելու համար շատ հաճախ էինք օրերով բաց դասեր ունենում՝ մնալով վրաններում և ամենատարբեր հանգստյան վայրերում, դրա համար ես մինչև հիմա 1 շաբաթից ավել չեմ կարողանում քաղաքում մնալ։

Սովորել եմ անվճար ու զգացել կրթաթոշակ ստանալու հաճույքը, երբ այդ գումարով զարմանալիորեն շատ բան էի հասցնում անել։

Ուսանողական տարիներս ինձ ևս տվեցին իսկական ընկերներ և մինչև հիմա պահպանել ենք մեր անշահախնդիր ընկերությունը։

Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion, Kids Fashion Day, hoonch.am- Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում նորաձևության կախարդական աշխարհում և մոդելների հետ աշխատելիս:

- Ի սկզբանե նորաձևության ոլորտը մտնելը իմ համար հայկականի հանդեպ սեր տարածելն էր։

«Հայկականը նորաձև է» կարգախոսը կցված է ArmMod Fashion-ին և հաստատված որպես տարբերանշանի մաս։ Մեր կարգախոսը հիմք հանդիսացավ, որ համախմբվեն հայկականը ստեղծող շատ արտադրողներ և դիզայներներ։ Մեր նախագիծը ոգեշնչեց շատերին նաև ստեղծել իրենց նմանատիպ նախագծերը ու քայլ առ քայլ նպաստել հայկական նորաձևության զարգացմանը։ 

Մեր ցուցադրությունների շնորհիվ շատ դիզայներներ ու մոդելներ ճանաչվեցին և իրենց ճանապարհը հարթեցին ոլորտում, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Նախագիծը հենց այդ նպատակն էլ ունեցել է ի սկզբանե։

Իսկ Ձեր հարցը թե ի՞նչն է ինձ ոգեշնչում այս ոլորտում՝ գեղեցիկը ստեղծելը, գեղեցիկի հետ աշխատելն ու ապրելը, գեղեցիկ՝ բարին գործելով։ Այո իմ համար գեղեցկությունը նաև բարությունն է։  Ամեն մեկս ունենք մեր երջանկության մեխանիկան, որը պետք է սկսվի հենց տանից, աշխատանքից, շրջապատից ու միջավայրից։ Հենց ինձ շրջապատող գեղեցկությունն էլ ինձ ոգեշնչում է։ 

Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion, Kids Fashion Day, hoonch.am- Ինչպե՞ս առաջացավ մանկական նորաձևության ընկերություն ստեղծելու գաղափարը:

- Քանի որ արդեն մի քանի տարի զբաղվում էի մեծերի նորաձևությամբ և զգում էի, որ ոլորտը բավականին զարգանալու տեղ ունի, շփվում էի մեծ մոդելների ընտանիքների հետ ու փորձում հասկանալ մտածելակերպը, փոխել սխալ մոտեցումները ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ, հասկացա նաև տարիների բացերը, որ փոքրուց է պետք սկսել փոխել քարացած կարծրատիպերը։  

Գործընկերուհուս՝ Կարմեն Ղազարյանի հետ բավականին երկար արդեն համագործակցում էինք տարբեր նախագծերում և հենց իրեն էլ առաջարկեցի միասին սկսել ու զարգացնել մանկական նորաձևության ճյուղը ու միասին հիմնեցինք մեր նոր նախագիծը՝ Kids Fashion Day-ը, որը շատ արագ սիրվեց փոքրիկների ու ծնողների կողմից։ Հիմա շատ դժվար է վստահելի գործընկեր գտնելը։ Դրա համար ես ու Կարմենը լինելով տեսակներով շատ տարբեր, բայց ունենալով փոխադարձ հարգանք մեկս մյուսի հանդեպ, գնահատելով յուրաքանչյուրիս անփոխարինելի ներդրումը ու նվիրումը ընդհանուր գործին, պինդ պահում ենք իրար ու միասին առաջ գնում՝ զարգացնելով ու մեծացնելով մեր Kids Fashion Day-ը։ 

Մեկը մյուսի հետևից կազմակերպելով շքեղ ցուցադրություններ, որոշեցինք փոքրիկ մոդելների կրթությամբ ևս զբաղվել ու դեֆիլեի դասընթացներ իրականացնել սկզբում Երևանում, ապա զարգացնել նաև մարզերում՝ Գյումրի, Վանաձոր, շուտով նաև մյուս մարզերում։ Այժմ մեր փոքրիկները ինքնավստահ ներկայանում են նաև Հայաստանից դուրս՝ Վրաստանում, Դուբայում, առաջիկայում նաև այլ երկրներում։ 

Ռուբինա Գրիգորյան, Կարմեն Ղազարյան, hoonch.am
Կարմեն Ղազարյան, Ռուբինա Գրիգորյան

- Ինչպե՞ս է Ձեր ընկերությունը նպաստում մոդելային մշակույթի զարգացմանը և օգնում նրանց հասնելու բարձրունքի:

- ArmMod Fashion-ը այժմ իրականացնում է նաև միջազգային նախագծեր, որոնցից է International Fashion Festival-ը, որի շրջանակներում Հայաստանում ներկայացրել ենք դիզայներների և մոդելների տարբեր երկրներից՝ փորձելով ամրապնդել ու զարգացնել երկրների միջև կապերը նաև նորաձևության միջոցով։ 

Fashion Festival-ը կազմակերպել ենք նաև Թբիլիսիում՝ ապացուցելով, որ մեր նորաձևությունը և մեր մոդելները հավասար կարող են ներկայանալ նույն հարթակում։ 

Նշեմ նաև մի կարևոր փաստ, որ տարիներ շարունակ մենք ոչ մի պետական կամ միջազգային հովանավորչություն չենք ստացել և ամեն ինչ իրականացրել ենք բացառապես մեր և մեր գործընկերների շնորհիվ։  Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion, Kids Fashion Day, hoonch.am

- Ինչո՞վ է տարբերվում երեխաների և մեծ մոդելների հետ աշխատելու մոտեցումները։

- Երկու դեպքում էլ կարևորությունը տրվում է ճիշտ ընտրված մասնագետներին։ Ոչ միայն կարևորում ենք նրանց մասնագիտական պատրաստվածությունը, այլ մարդկային հատկանիշները։ Մեր մոդելները մեր միջավայրից պետք է տեսնեն ու օրինակ վերցնեն ճիշտ արժեքներ ու սկզբունքներ։

Փոքրիկների դեպքում հատկապես պետք է շեշտեմ, որ մենք կարևորում ենք փոքրիկների բնական տեսքը՝ ընդգծելով նրանց մանկական ու պատանեկան գեղեցկությունը։ Չենք ընդունում երեխաներին ժամանակից շուտ մեծ մոդելների նման ներկայացնելը։

Մեծ մոդելների դեպքում կարևորում ենք ամենօրյա մարզումները, սննդակարգին, արտաքին տեսքին մշտապես հետևելը։

Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion, Kids Fashion Day, hoonch.am

- Առհասարակ, ի՞նչ դժվարություններ եք ունենում փոքրիկ մոդելների հետ աշխատելիս և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:

 - Պատկերացրեք դժվարությունները միայն հաճույք են պատճառում։ Եղել է դեպքեր, որ ամենալավ քայլող երեխան վերջին րոպեին չի ցանկացել պոդիում բարձրանալ կամ կոնֆետով ու քաղցրավենիք ուտելով է քայլել կամ մասնագետի հետ է քայլել պոդիումին։ 

Հավատացեք երեխաների հետ ավելի հեշտ է, քան մայրիկների։ Նրանց գերուշադրությունը երբեմն խանգարում է ոչ միայն մեր աշխատանքին, այլ իրենց երեխայի ինքնուրույն՝ որպես անհատ ճիշտ ձևավորմանը։ Անգամ մեր ամենափոքրիկը հետնաբեմում ավելի կազմակերպված է իրեն դրսևորում առանց մայրիկի միջամտության, երբ զգում է ողջ պատասխանատվությունը իր վրա։ 

Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion, Kids Fashion Day, hoonch.am

- Ո՞րն է մանկական նորաձևության իդեալական մոդելի Ձեր տեսլականը: Ինչպե՞ս է Ձեր ընկերությունը օգնում երեխաներին և նրանց ծնողներին հասկանալ այն:

- Մեր փոքրիկ մոդելներին ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում։ Իսկ իրենց հաջողություններով աշխարհին ճանաչելի դարձնել մեր երկիրը։ 

Իսկ ինչ վերաբերվում է ծնողներին, ապա նոր մտածողության ձևավորումը ու մեր անվերջ ջանքերը կարծրատիպեր կոտրելու հետ կապված օր օրի տալիս են իրենց արդյունքները։ 

Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion, Kids Fashion Day, hoonch.am
Ռուբինա Գրիգորյան, Լիլիթ Մարտիրոսյան

- Ապագայի ի՞նչ պլաններ ունեք ընկերության զարգացման համար։

- Շատ զարմանալի է, բայց ես ապագայի պլաններ չեմ կազմում։ Ապրում եմ այսօր և հիմա։ Վայելում եմ ինձ տրված ամեն մի պահ ու դա անում եմ լիարժեք ու անպայման գեղեցիկ։
Նպատակներ ու երազանքներ շատ ունեմ, որոնք անգամ առանց պլանավորելու ու նախապես բարձրաձայնելու էլ հերթով իրականացնում եմ։ 

Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion, Kids Fashion Day, hoonch.am- Ռուբինա, իսկ ի՞նչ հետաքրքրություններ կամ հոբբիներ ունեք։

- Ճամփորդելը, շատ երկար մեքենա վարելը ու ճանապարհին նոր վայրեր բացահայտելը։

Բնության գրկում վայրի հանգիստը և ծովում, օվկիանոսում ժամերով լողալը։

Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion, Kids Fashion Day, hoonch.am

- Կա՞ որևէ հաջողության և ձախողման պատմություն, որը մեծապես ազդել է Ձեր կարիերայի վրա մոդելային ոլորտում:

- Այո իհարկե, երբ առաջին անգամ պոդիում բարձրացա որպես մոդել և հասկացա, որ ես կարող եմ ավելին անել այս ոլորտում, որ իմ առաքելությունը ավելի մեծ է լինելու։ 

Նույն ինքնավստահությամբ, առանց որևԷ փորձի ընդունեցի առաջարկը առաջին անգամ մեծ միջոցառում կազմակերպելու, փոքրիկների գեղեցկության մրցույթ էր ու ես դա արեցի այնպիսի պատասխանատվությամբ ու ջանք չխնայելով, որ ապացուցեմ ինքս ինձ ապա բոլորին, որ ես կարող եմ։ 

Ձախողումս ArmMod Fashion-ի սկզբնական շրջանում եղել է շենքի տանիքին կազմակերպած ցուցադրությունը, որը եղանակի պատճառով խափանվեց։ Այդ ժամանակ դեռ նոր էի ոլորտում ու շատ բան ունեի ապացուցելու ու շատ հեշտ կլիներ կոտրվելը, եթե ես թույլ մարդ լինեի տեսակով։ Ես պարզապես մի փոքր դադար վերցրեցի, հաղթահարեցի ու կազմակերպեցի ավելի շքեղ ու կրեատիվ ցուցադրություն ու քայլեցի առաջ։ Մինչև հիմա էլ ցանկացած ձախողում ինձ միայն ուժեղացնում ու առաջ գնալու, պայքարելու ու ավելի մեծ քայլեր անելու հնարավորություն է տալիս։

Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion, Kids Fashion Day, hoonch.am- Ինչպիսին էր Ձեր համար 2023-ը, և ի՞նչ նպատակներ ունեք 2024-ի համար։ 

- 2023-ին շնորհակալ եմ կարևոր երազանքներիս իրականացման համար, բայց տարեվերջը այնքան ցավոտ էր, որ անձնական հաջողություններդ լիարժեք չես կարողանում վայելել։ Անկարողությունը  պարզապես սպանում է։ Երբ պատրաստ ես ամեն ինչի, որ Հայրենիք չկորցնես, էլ ոչ մի զինվորի մահվան լուր չլսես, բայց ցգում ես, որ անկարող ես։

2024-ին շատ նպատակներ ունեմ, որոնք երազում եմ իրականացնել խաղաղ ու անվտանգ Հայաստանում՝ ոչ մի օր չհրաժարվելով Արցախը կրկին ազատագրելու մտքից։
Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion, Kids Fashion Day, hoonch.am

- Ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը, հատկապես կանանց ու մայրիկներին։

- Մեզ բոլորիս խաղաղություն եմ մաղթում։ 

Մեր հասարակությանը ուժ, ամուր ոգի, հանդուրժողականություն, համբերություն, փոխադարձ հարգանք, համախմբվածություն, պայքարելու ու չհանձնվելու կամք, որպեսզի կարողանանք հզորանալ ու հետ բերել կորցրածը։ 

Կանանց ու մայրիկներին կմաղթեմ, որ ամեն պարագայում, ամենադժվար իրավիճակում անգամ չմոռանալ հոգ տանել իրենց մասին՝ լինել մշտապես գեղեցիկ, կանացի և ցանկալի։ Փորձել սիրել ու գնահատել իրենց և դժվարությունները հաղթահարել ժպիտով՝ քայլելով միայն առաջ։ 

Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion, Kids Fashion Day, hoonch.am

Սիրով hoonch.am թիմ՝
Հարցազրույցը պատրաստեցին՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը և Կարինե Հակոբյանը