Արի՛, գութան, վարի՛, գութան,

Օրն եկել է, ճաշ դառել,

Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,

Օրհնյալ է աստված, հորովե՜լ։ ,

 

Քաշի՛, եզը, ուսիդ մատա՜ղ,

Քաշի՛, քաշենք, վար անենք․

Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտա՛ղ,

Մեր սև օրին ճար անենք։ ,

 

Պարտքատերը գանգատ գընաց,

Քյոխվեն կըգա, կըծեծի,

Տերտերն օրհնեց, անվարձ մընաց,

Կըբարկանա, կանիծի։ ,

 

Էն օրն եկան թովջի արին,

Հարկ են ուզում տերության,

Ի՞նչ տամ կոռին ու բեգյարին․․․

Վարի՛, վարի՛, իմ գութան։ ,

 

Ձեռըս պակաս, ուժըս հատած,

Հազար ու մի ցավի տեր,

Ինձ են նայում մերկ ու սոված

Մի տուն լիքը մանուկներ։ ,

 

Արի՛, գութան, վարի՛, գութան,

Օրն եկել է, ճաշ դառել,

Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,

Օրհնյալ է աստված, հորովե՜լ։ ,

 

1887, Հովհաննես Թումանյան

Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում, 1891, №4, էջ 504՝ «Գութանի երգը» վերնագրով։

Նույն տեքստը հավելումներով տպագրվել է նաև «Բանաստեղծություններ» II հատոր, Մոսկվա, 192, էջ 93-94 և այնուհետև իր բոլոր ժողովածուներում։ Հիմք ընդունված է «Բանաստեղծություններ», Թիֆլիս, 1903, տեքստը։

Գրականության և արվեստների թանգարանում պահվում է այս բանաստեղծության ինքնագիրը՝ հանված «Մուրճ» ամսագրի արխիվից։